Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմավիրի մարզում ոռոգման ջրի հետ կապված հարցը շատ առաջնային և մտահոգիչ է. մարզպետի հարցազրույցը

Արմավիրի մարզում ոռոգման ջրի հետ կապված հարցը շատ առաջնային և մտահոգիչ է. 
մարզպետի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում ոռոգման ջրի հետ կապված հարցը շատ առաջնային և մտահոգիչ է: Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու տեսանկյունից այս տարվա բնակլիմայական պայմանները հուսադրող չեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

-Պարոն մարզպետ, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր Արմավիրի համար: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

- 2017 թվականն Արմավիրի մարզի համար բավականին դժվար և խնդիրներով հագեցած տարի էր, որը  միասնական ուժերով հնարավոր է եղել պատվով հաղթահարել: Անցնող տարում ամբողջությամբ ապահովվել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով և մարզպետարանի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը:  

2017-ին մարզում ՀՀ պետական բյուջեի և այլ աղբյուրների միջոցներով իրականացված ներդրումային, հումանիտար և վարկային ծրագրերի ծավալը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ: Նշված գումարի շրջանակներում տարբեր ներդրումային ծրագրեր են իրականացվել մի շարք ոլորտներում, որոնք միտված են եղել մարզային տնտեսության զարգացմանն ու մարզի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

-Մարզպետարանի աշխատանքներում որո՞նք են լինելու 2018 թվականի առաջնահերթությունները: Ի՞նչ խնդիրների ու ծրագրերի վրա եք առաջնային կենտրոնանալու:

- 2018 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետարանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել մարզի կայուն զարգացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին կապերի խթանման և ազգաբնակչության համար առավել բարեկեցիկ կյանք ապահովելու ուղղությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան այրերի ղեկավարությամբ և մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2018 թվականին մենք նոր հաջողություններ ենք արձանագրելու բոլոր ոլորտներում: Մեզ հաջողվելու է ընդլայնել ներդումային ծրագրերի ծավալը, նոր աշխատատեղեր ստեղծել, բարեկարգել ճանապարհները, լուծել ոռոգման համակարգի խնդիրները, վերանորոգել դպրոցներն ու բուժհաստատությունները...: 

-Պարոն Ղահրամանյան, սովորաբար եղանակային  անբարենպաստ պայմանների, հատկապես կարկուտի պարագայում, զգալի տուժում են Արմավիրի մարզում հողատարածքներ ունեցող գյուղացիները: Կխնդրեմ ներկայացնել, թե մարզում հողատարածքները կարկուտից պաշտպանելու առումով ի՞նչ աշխատանքներ են կատարվումքանի՞ հակակարկտային կայան է ներկայում գործում, արդյո՞ք նորերն այս տարի սպասվում են:

- Ինչպես նկատել եք, յուրաքանչյուր տարի մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս է կրում բնական աղետներից, հատկապես` կարկուտից:  Մեր կողմից մշտապես հետևողական աշխատանքներ են տարվում մարզում հակակարկտային կայանների ավելացման և դրանով պայմանավորված հնարավոր վնասների  նվազեցման  ուղղությամբ: Այժմ մարզում գործում է 207 հակակարկտային կայան և ավարտվել է 1 հրթիռային կայանի տեղադրումը, որն արդեն պատրաստ է գործարկման: Հարկ եմ համարում նշել նաև, որ համայնքներում  բացատրական աշխատանքներ են տարվում 79 հեկտարի վրա հակակարկտային ցանցեր տեղադրելու ուղղությամբ, որի համար մշակվել է նաև  սուբսիդավորման ծրագիր:

- Մարզի համար, ոչ պակաս կարևոր խնդիր է ոռոգման ջրի հարցը: Հաճախ դրա բացակայության պատճառով գյուղացիների շրջանում դժգոհություն է առաջանում: Այս ձմեռը, կարծես տեղումնառատ չէր: Ի՞նչ կանխատեսումներ կան ոռոգման ջրի ապահովման հետ կապված: Արդյո՞ք սակավաջրություն կանխատեսվում է, եթե այո, ապա ի՞նչ լուծումների շուրջ կան քննարկումներ:

- Ոռոգման ջրի հետ կապված հարցն իսկապես շատ առաջնային և մտահոգիչ է մեզ համար: Գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու տեսանկյունից այս տարվա բնակլիմայական պայմանները հուսադրող չեն և ոռոգման ջրի հնարավոր պակասը լրացնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին ` մարզում նոր խորքային հորեր հորատելու և հները վերականգնելու նպատակով: Արդեն պարզ է, որ առաջնահերթության կարգով 8 համայնքում 23 նոր խորքային հոր կհորատվի, իսկ 14-ը կվերանորոգվի: Կախված եղանակային պայմաններից` ևս 9-ը համայնքում կհորատվի 13 խորքային հոր,  2-ն էլ կվերանորոգվի:


 - Պարոն Ղահրամանյան, հաճախ խոսվում է այն մասին, որ տարբեր մարզերում դեռ շարունակում  է խնդիր մնալ հողատարածքների չմշակման հարցը: Այդ առումով Արմավիրի մարզում  ի՞նչ իրավիճակ էվերջին տարիների դինամիկան ինչի՞ մասին է խոսում:

- Նախ նշեմ, որ վերջին տարիներին ՀՀ Արմավիրի մարզում ավելանում են մշակովի հողատարածքները: 2017 թվականին մարզում փաստացի մշակվել է 49 հազար հեկտար հողատարածք:  Սակայն  ունենք դեռևս չմշակվող  շուրջ 13 հազար հեկտար հողատարածք: Համապատասխան հողատարածքները չմշակելու հիմնական պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է, հողի ցածր բերքատվությունը, սեփականատերերի` երկրից դուրս գտնվելը..:

- Կառավարությունը վերջին շրջանում հատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը: Արմավիրում այդ ոլորտի զարգացման ի՞նչ հնարավորություններ կան:

- ՀՀ Արմավիրի մարզում կան բոլոր հնարավորությունները հոգևոր-մշակութային, էթնիկ, գյուղական, ագրո և էկո տուրիզմի զարգացման համար՝ զբոսաշրջությունը դարձնելով մարզի տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը: Մարզի զբոսաշրջային ներուժը հիմնականում ներկայացվում է հարուստ պատմամշակութային արժեքներով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը՝ Այղր լիճը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները:

ՀՀ Արմավիրի մարզում արդեն իսկ կան առանձին կազմակերպություններ, որոնք զբաղվում են հոգևոր-մշակութային և էթնիկ տուրիզմով: Նրանց հաջողված փորձի տարածումը մարզի այլ համայնքներում նպաստավոր գործոն է  զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]