Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները պատմական են, գալիս են դարերի խորքից. Սաադ Հարիրի

Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները պատմական են, գալիս են դարերի 
խորքից. Սաադ Հարիրի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համատեղ հայտարարություններով հանդես գալու ընթացքում նման դիտարկում է արել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Նրա խոսքով՝ պատմական նման կապերը պայմանավորված են նաև լիբանանահայերի կարևոր դերակատարմամբ, ովքեր միաձուլված, համախմբված կազմում են Լիբանանի հասարակության մի մասը և մեծ մասնակցություն ունեն բոլոր ոլորտներում:

«Ինձ համար հպարտություն է, որ իմ հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, եղել է առաջին անձը, ով Հայաստանի հետ եղբայրական ամուր կապերի հիմքն է դրել 1991 թվականին: Եվ մենք հանձնառու ենք, որպեսզի շարունակենք այս ուղին՝ ի շահ և ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների»,- նշել է Հարիրին:

Լիբանանի վարչապետը շեշտել է, որ Հայաստանի կառավարության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ամրապնդել և զարգացնել Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում և ամենատարբեր մակարդակներում, մասնավորապես բանկային ոլորտում համագործակցությունը, մանավանդ որ, Հարիրիի խոսքով, լիբանանյան բանկերը հայտնի են աշխարհում  և մեծ ներուժ ունեն ու կարող են ֆինանսավորել հանրային և մասնավոր ծրագրեր:

«Մենք հպարտանում ենք դրանով, և դրա մասին վկայում են շատ ծրագրեր: Խոսեցինք նաև այս ոլորտում համագործակցություն ծավալելու մասին: Մենք ուշադրություն կդարձնենք, որպեսզի մոտ ապագայում միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարվի: Անշուշտ, այն պետք է տեղի ունենա Լիբանանում նախատեսված ընտրություններից հետո: Մենք համակարծիք էինք, որ մեր երկու երկրների միջև պատմական հարաբերություններն արդեն պետք է կյանքի կոչենք, և ես անձնապես շատ ուշադիր եմ լինելու այդ հարցում: Շատ գեղեցիկ է, որ ունենանք պատմական հարաբերություններ, սակայն պետք է նաև մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք: Այսօր պարոն վարչապետը բազմաթիվ հանդիպումներ ունի, նաև՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, և նպատակն է, որպեսզի խրախուսվեն ներդրումները՝ ինչպես հայկական ներդրումները Լիբանանում, այնպես էլ լիբանանյան ներդրումները Հայաստանում: Նա նաև մի գաղափար առաջարկեց, որը պետք է նույնպես ուսումնասիրենք: Դա կխրախուսի ներդրումները, և մենք պետք է սկսենք ամենամոտ ժամանակներս իրականություն դարձնել: Մենք խոսեցինք նաև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին: Լիբանանում և Հայաստանում տարբեր ոլորտներ ունենք, որտեղ պետք է համագործակցենք»,- ամփոփել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am