Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Թամարա Գվերդցիթելիի երևանյան համերգին հնչելու են օտար և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին ապրիլի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վերադարձ» խորագրով համերգային ծրագրում երաժշտասերները  հնարավորություն կունենան վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:

Թամարա Գվերդցիթելիի հրաշալի և հզոր ձայնը, ինչպես նաև երգացանկը (վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական և այլն) ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարևորություն է տալիս հենց համերգային գործունեությանը և նրա համերգները միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

Նա 1987 թվականից ի վեր  տարբեր մրցանակաբաշխություններում և մրցույթներում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ։ 1991 թվականին Թամարա Գվերդցիթելին հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաև Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում: Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգային հանդիպումները շարունակվում են նաև հետագայում: 2006 թվականին Միշել Լեգրանը և Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով: Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա երգացանկը նաև հարուստ է Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններով:

Համերգային ծրագիրը ներկայացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ