Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Եվրիմաժ»-ի 150-րդ աշխատանքային նիստում քննարկվելու են մի շարք կինոնախագծեր

«Եվրիմաժ»-ի 150-րդ աշխատանքային նիստում քննարկվելու են մի շարք 
կինոնախագծեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային աջակցության հիմնադրամի 150-րդ աշխատանքային նիստը, որը կտևի մարտի 12-16-ը, կանցկացվի Երևանում: Նիստում կքննարկվի և կուսումնասիրվի հիմնադրամի անդամ 38 երկրների ներկայացրած 54 կինոնախագիծ: Հիմնադրամի ֆինանսական հնարավորություններին համապատասխան կընտրվեն և կֆինանսավորվեն քննարկվող նախագծերից լավագույնները:

Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի փոխնախարար  Արթուր Պողոսյանն ասաց, որ Հայաստանում  Եվրիմաժի 150-րդ նիստի անցկացումը խորհրդանշական է: «Այս տարի մեր երկրում նաև Ֆրանկոֆոնիայի  գագաթնաժողովն է անցկացվելու, և այս միջոցառումը լրացնում է դրան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:

«Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի խոսքով` «Եվրիմաժ»-ին անդամակցելը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ճանաչելի դառնալ, ներկայացնել մեր երկրի ներուժը:

«Ինչպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի,  այնպես էլ կինոարվեստին վերաբերող այլ միջոցառումների շնորհիվ փորձում ենք պատրաստել փաթեթներ, մասնագետներ, որոնք կարող են մրցունակ նախագծեր ներկայացնել Եվրիմաժում: Կարծում եմ` մենք որոշ չափով հաջողել ենք, քանի որ 2017 թվականին  Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել երկու համատեղ արտադրության կինոնախագծեր. ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 000 եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում է «Շարմ» ընկերությունը (20 000 եվրո)»,-շեշտեց նա:

Սուսաննա Հարությունյանի խոսքով` Եվրիմաժում շատ լավ է դիտվել այն փաստը, որ Հայաստանից մասնավոր կողմ էլ է ֆինանսավորում կինոնախագծին:

«Կա մի նախագիծ, որը քննարկվելու է այս փուլում: Խոսքը Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի մասին է, որի ռեժիսորն ու սցենարիստը Յուսուպ Ռազիկովն է, ֆիլմի արտադրողը՝ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը»,-ասաց Հարությունյանը:

«Եվրիմաժում» Հայաստանի ներկայացուցիչ Վրեժ Քասունին նշեց, որ մեր նպատակը ինչպես վավերագրական, գեղարվեստական, այնպես էլ` անիմացիոն ֆիլմերի նախագծերը զարգացնելն է: Նա հույս հայտնեց, որ շուտով նաև անիմացիոն կինոնկարների լավ նախագծեր կունենանք և կներկայացնենք Եվրիմաժում:

Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային աջակցության հեղինակավոր հիմնադրամը (Eurimages) հիմնադրվել է 1989 թվականին: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր: Հայաստանը անդամակցում է կազմակերպությանը 2016 թվականից:  Անդամակցելու համար Հայաստանը 63 միլիոն դրամ է վճարում: «Եվրիմաժ»-ը ֆինանսական աջակցություն է տրամադրում երեք ուղղություններով`համատեղ կինոարտադրություն, կինովարձույթ և կինոցուցադրություններ: Հիմնադրամի բյուջեն տարեկան կազմում է 25 միլիոն եվրո:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]