Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Միջազգայնագետը Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ռուս- ամերիկյան հարաբերություններում որեւէ փոփոխություն չի կանխատեսում    


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում որպես ամենահավանական թեկնածու տեսնում է Վլադիմիր Պուտինին: Նրա խոսքով՝ թեպետ Միացյալ Նահանգներում կա որոշակի հույս, որ Ռուսաստանում տեղի կունենան փոփոխություններ, եւ Պուտինը չի վերընտրվի, այնուամենայնիվ, միջազգայնագետը բացառում է այս սցենարը:

«Վլադիմիր Պուտինի վարկանիշը շատ բարձր  է: Այսօր նա մրցակիցներ չունի, նույնիսկ ըստ էության, կարելի է ասել, նրա ընտրությունը կանխատեսելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հայ համայնքը աջակցելու է Վլադիմիր Պուտինին, եւ նա, ինչպես եւ նախորդ ընտրություններին, կանխատեսում է հանդարտ, առանց բախումների ընթացք:   

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ  պատժամիջոցների երկրորդային ալիքը հարվածելու է նաեւ Հայաստանին եւ Հայաստանի տնտեսությանը:

«Չեմ պատկերացնում, որ ընտրություններից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում որեւէ փոփոխություն կլինի, պատժամիջոցները կպահպանվեն եւ կխորանան: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, տնտեսական թիվ մեկ գործընկերը, եւ ՌԴ տնտեսական ծանր վիճակը բացասաբար է անդրադառնալու Հայաստանի վրա: Այլ խնդիր է այն, որ ԱՄՆ պատժամիջոցները՝ ուղղված ռազմարդյունաբերության գիգանտների դեմ, միգուցե եւ վտանգ ներկայացնեն Հայաստանի համար, քանի որ ընդամենը մեկ հնարավոր շուկա կա, որտեղից Հայաստանը զենք է  ձեռք բերում: Դա Ռուսաստանն է:  Այսինքն՝ եթե այդ պատժամիջոցները նաեւ ՌԴ կազմակերպությունների դեմ կիրառվեն, դրա պատճառով՝ նաեւ Հայաստանի, կնշանակի տարածաշրջանում զորքի եւ զինված ուժերի հավասարակշռությունը կխախտվի, ինչը  վտանգավոր է, իսկ մեր հարեւանները կօգտվեն դրանից: Ես հույս ունեմ, որ այդ երկրորդ ալիքը չի կիրառվի, եւ հնարավոր կլինի Ռուսաստանից ձեռք բերել ռազմական տեխնիկա՝ չնայած ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին»,-եզրափակեց նա: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ