Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լեւոն Հաֆթվանը համոզված էր, որ առանց ազգային արմատների պահպանման ապագա չի լինում

 Լեւոն Հաֆթվանը համոզված էր, որ առանց ազգային արմատների պահպանման 
ապագա չի լինում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենի հողն այն կենսատու «պարարտանյութն» է, որը սնում է յուրաքանչյուր մարդու, առավել եւս արվեստագետի: Ինչպես արմատախիլ եղած ծառը չի կարող ապրել եւ պտուղ տալ, այնպես էլ՝ ազգային արմատներից կտրված մարդը չի կարող հոգեւոր արժեքներ ստեղծել: Չնայած դրան լինում են դեպքեր, երբ մայր հողից կտրված լինելով, մարդը, արվեստագետը շարունակում է ապրել եւ ստեղծագործել ամուր կառչած արդեն իր հոգեւոր արմատներին: Այդպիսին էր արվեստագետ Լեւոն Հաֆթվանը, ում հետ «Արմենպրես»-ի թղթակիցն առիթ էր ունեցել զրուցելու նրա ստեղծագործական ուղու մասին, խորհելու ազգային եւ համամարդկային արժեքների շուրջ։

Առաջին անգամ Լեւոն Հաֆթվանը հայրենիք եկավ 1991 թվականին՝ մասնակցելու սփյուռքահայերի թատերական փառատոնին: Սակայն Հայաստանի հանդիսատեսը իրանահայ դերասանին ճանաչեց «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմով, որտեղ Լեւոնը կերտել է գլխավոր հերոսի կերպարը: Ֆիլմն արժանացել էր «Արծաթե ծիրան» պատվավոր մրցանակին:

Հաֆթվանը պատմում էր, որ մինչ այդ կինոյի հետ սերտ կապեր չի ունեցել, միայն էպիզոդիկ դերեր է խաղացել ընկերների համար: 2012-ի սկզբներին, երբ թատերական փառատոնի շրջանակներում գտնվել է Թեհրանում, միանգամից երկու առաջարկություն է ստացել կինոյում որպես գլխավոր դերասան հանդես գալու համար: Առաջինը՝ երիտասարդ կինոռեժիսոր Մոհամադ Շիրվանիի Fat Shaker (Ճարպազատողը) ֆիլմն էր: Այն ցուցադրվել է մի շարք կինոփառատոններում, իսկ Ռոտերդամի կինոփառատոնում շահել է առաջին մրցանակը: Հաջորդը՝ Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ» ֆիլմն էր, որի նկարահանումները չնայած սկսվել էին առաջինից ավելի ուշ՝ մայիսին, սակայն ֆիլմն ավելի շուտ նկարահանվեց եւ արդեն նույն տարվա սեպտեմբերին ներկայացվեց Իսպանիայի Սան Սեբաստիանի ՄԿՓ-ում՝ շահելով ժյուրիի հատուկ մրցանակը:

Այն հարցին, թե ինչը ստիպեց դերասանին մուտք գործել կինոյի աշխարհ, ով ավելի քան երեք տասնամյակ աշխատում է թատրոնում, Հաֆթվանը նշել էր, որ ֆիլմերում նկարահանվելու հարցում որոշիչ է եղել, թե ում հետ է աշխատելու: «Թե թատրոնում, թե կինոյում ինձ համար գլխավորը ռեժիսորն է: Միայն դրանից հետո եմ կարեւորում սցենարը եւ դերը: Այդ իսկ պատճառով առաջին հերթին հանդիպել եւ զրուցել եմ այդ ֆիլմերի ռեժիսորների հետ, ովքեր գրավել են ինձ որպես մարդ եւ արվեստագետ: Առանձնակի նշանակություն չունի նաեւ գլխավոր, թե երկրորդական դեր է ինձ բաժին ընկել: Եթե ֆիլմը հաջողվում է, ապա երկրորդական դերն էլ է երեւում, իսկ եթե չի հաջողվում, ապա դա պարտություն է ստեղծագործական ամբողջ խմբի համար»,- անկեղծանում էր նա: Ի դեպ, Հաֆթվանը 12 տարեկանից աշխատել է սիրողական թատերական միության թատերախմբում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ստացել է մասնագիտական կրթություն:

Լեւոն Խանգալդյան Հաֆթվանը ծնվել եւ մեծացել է Թեհրանում: Ավարտելով Թեհրանի համալսարանի թատերական ֆակուլտետը՝ մագիստրատուրան շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի ռուսական համալսարանում: Մի քանի տարի Եվրոպայում գտնվելուց հետո բնակություն է հաստատել Կանադայի Տորոնտո քաղաքում:

Տարբեր երկրներում ապրելը եւ տարբեր մշակույթներին հաղորդակից լինելը բնականաբար իր հետքն է թողել Հաֆթվանի՝ որպես մարդ եւ արվեստագետ ձեւավորվելու հարցում: Նման կենսափորձն ընդլայնել է նրա հոգեւոր տարածքը, բայց միեւնույն ժամանակ ազգային ինքնության հարցում էլ ավելի է ամրապնդել է հայ լինելու զգացողությունը: «Ծնողներս հայերեն են խոսել, մանկուց մայրենին է ինձ ուղեկցել, հայերեն եմ խոսել, գրել եւ մտածել: Երեսուն տարի առաջ այլ կերպ էի զգում ազգությունս, քան ներկայում: Հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչ է ինձ համար հայ լինելը: Խորհրդային Միության փլուզումից հետո հայ լինելը նոր իմաստ պետք է ստանա: Ես վերջնական պատասխան չունեմ, թե որն է հայ լինելու չափանիշը, բայց ճիշտ չէ ասել, թե հայերեն խոսելով է որոշվում ազգային պատկանելությունը, կամ էլ ազգանվան «յան» վերջավորությունն է հիմք հանդիսանում: Կարեւորը հայի ոգի ունենալն է»,- ասում էր դերասանը:

Լեւոն Հաֆթվանը ցավով նշում էր, որ ականատես է եղել, թե ինչպես շատ հայեր մեկնելով այլ երկրներ, այդ թվում նաեւ ուսման նպատակով, փորձում են «մոռանալ» եւ հրաժարվել իրենց ազգային ինքնությունից: Նրանք հայերի հետ չեն աշխատում, չեն շփվում, նոր ինքնություն են փնտրում, ինչը դերասանը մեծ սխալ էր համարում, քանի որ «առանց արմատների, առանց քեզ սնուցող ակունքի հնարավոր չէ ապագա ունենալ»: «19 տարի Իրանում չեմ ապրել: Այդ ընթացքում սովորել եմ, աշխատել, հաջողություններ եւ ձեռքբերումներ եմ ունեցել, բայց ինքս ինձ վերագտել եմ միայն այն ժամանակ, երբ վերադարձել եմ ծննդավայրս, արմատներիս»,- անկեղծանում էր Լեւոն Խանգալդյան-Հաֆթվանը:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]