Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հայաստանը մասնակցել է «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին


ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բեռլինում մարտի 7-ից 11-ը անցկացվեց «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին այս տարի ևս մասնակցեցին հայկական շուրջ 30 զբոսաշրջային ընկերություններ, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ: Նրանք ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ՝ ներկայանալով որպես թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանային համատեղ զբոսաշրջային ծրագրեր իրականացնող ընկերություններ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Մարտի 9-ին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ տեղի ունեցավ «Բացահայտի՛ր Հայաստանը» խորագրով շնորհանդես գործարար ոլորտի ներկայացուցիչների համար։

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում անդրադարձավ Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը, ինչպես նաև 2017թ. այս ոլորտում երկրի գրանցած զգալի հաջողություններին: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի Մարքեթինգի ղեկավար Աստղիկ Չապլինը:

Միջոցառմանը ներկա էին զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ և այլն: Մասնակիցները ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինու և ազգային ուտեստների համտես:

Տեղեկանք. Մասնակիցների թվով աշխարհում ամենախոշոր «ITB Berlin» ցուցահանդեսն անցակացվում է 1966թ. ի վեր։ Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են շուրջ 190 երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։

Ցուցահանդեսի նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղությունների և կարողությունների, զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար նախատեսված վերջին նորարարությունների ներկայացումը, զբոսաշրջային նոր շուկաների բացահայտումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ