Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Օգոստոս

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 7-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։ 

Հայաստանի քաղաքացիները կարող են համոզված լինել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անհրաժեշտության դեպքում նրանց դժբախտության մեջ չի թողնի: «ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի շրջանակում այս մասին հայտարարեց  ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ անդրադառնալով հայ լրագրողի հնչեցրած հարցին Իլհամ Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարության մասին: Ֆրանսիան դատապարտում է ցանկացած հայտարարություն, որը վնասաբեր է ԼՂ հակամարտության  բանակցված եւ խաղաղ ճանապարհով լուծման համար: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» մասին վերջերս կատարած հայտարարությանը: Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում: Նման դիտարկում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Այդ հայտարարությունները պետք է առանձին հավաքագրվեն հետագայում պատմական տարօրինակությունների եւ հումորների գիրք հրատարակելու համար: Մի՞թե չկան նման հրատարակչություններ, որոնք կկարողանային դրանք հավաքել եւ հրապարակային դարձնել ղարաբաղյան հակամարտության վերջին տասնամյակում հնչած մտքերի նման անգին հավաքածուն, ասենք Հեյդար Ալիեւից հետո».- ասել է նա: 

ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության մամուլի պատասխանատու Ջիովաննի Դավոլին:

Իտալական eastwest.eu լրատվամիջոցը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության և Եվրամիության «սառը» վերաբերմունքի մասին: Հոդվածագիր Վալենտինա Բրինին գրում է. «Նրանք դա կոչում են «սառեցված հակամարտություն», բայց 30 տարի անց  էլ` Ադրբեջանի կազմից դուրս գալու առաջին փորձից հետո, հյուծիչ խրամատային պատերազմը շարունակում է սպանել մարդկանց Կովկասի ինքնորոշված հանրապետությունում: Մինչ այժմ Բրյուսելը դեմքով շրջվել էր, բայց ներկայում ավելի մոտենում է Հայաստանին, և Բրյուսելում տեղաշարժեր են տեղի ունենում»:

Թեպետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում գոյություն ունեցող ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ պահպանվել, սակայն խնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը: «ԱՄՆ երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ներառյալ Հելսինկիի եզրափակիչ ակտը և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման դրա հիմնարար սկզբունքները, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը»,- նշել է նա:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ԱՄՆ նախկին սենատոր Մարկ Քըրքը կյանքի փրկության համար պարտական է հայ զինվորին: Այս մասին նա նշել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականներ կողմից Ազգային ժողովի պատվո մեդալով պատգեւատրման արարաողության ժամանակ: Տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռեւս որպես ԱՄՆ Կոնգրեսի շարքային աշխատակից` Մարկ Քըրքն այցելել էր արցախա-ադրբեջանական սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անհեթեթություն է համարում Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին «բարոյական և ֆիզիկական կտտանքների» ենթարկելու մասին լուրերը:  Դավիթ Բաբայանի խոսքով, այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ահաբեկչություն: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է Ասկերովին և Գուլիևին և հնարավորություն ունենում գնահատելու նրանց վիճակը: Նրանք երբևէ որևէ բռնության չեն ենթարկվել` ոչ ֆիզիկական և ոչ էլ բարոյական»,- ընդգծեց նա։

Հայոց ցեղասպանության դատապարտում   

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրոդյուսերական թիմի անդամներ Դին Քեյնին ու Մոնթել Ուիլյամսին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստանում են ֆիլմի երևանյան պրեմիերայի կապակցությամբ: «Ինձ հետաքրքրեց նաև այն հանգամանքը, որ կարծում եմ՝ դուք ցանկացել եք ասել, որ ժխտողականությունը, անկախ նրանից, թե ինչպես է տեղի ունենում, ունի շատ ընդհանուր հատկանիշներ: Այսինքն՝ կատարողները նախօրոք գիտեն, որ հետո պետք է ժխտեն և նաև վստահ են, որ իրենց այդ ժխտումն անցնելու է, քանի որ նախկինում ևս այդպես է եղել: Իհարկե, շատ հետաքրքիր էր զուգահեռը Հայոց ցեղասպանության և այն իրադարձությունների հետ, որ այսօր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում»,-ասել է Նախագահ Սարգսյանը

Նյու Յորքում կայացան 2018 թվականի առաջին «Ավրորայի երկխոսությունները» (Aurora Dialogues):  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ, հրավիրել էր մարդասիրական հանրույթի նշանավոր ներկայացուցիչների՝ «Համերաշխություն առանց սահմանների. Հերոսի ուղին» նշանաբանի ներքո: Մասնակիցները քննարկում էին, թե աղետի պայմաններում ի՞նչն է մարդկանց դրդում սեփական կյանքը վտանգի ենթարկելով ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ  խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է եվրոպական տարբեր երկրների ալեւիների միության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը եւ Արսեն Միխայլովը: «Մենք կհաջողենք, եթե միավորվենք հանուն կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ ընդդեմ ցեղասպանությունների ու ժխտողականության: Մեր պայքարը Թուրքիայի դեմ չէ, մեր պայքարը հանուն մարդու իրավունքների պաշտպանության է»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:  Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչներն այցելեցին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամն այսուհետ իր արխիվում կունենա Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունների ամենամեծ հավաքածուներից մեկը, որը տասնամյակներ շարունակ հավաքագրել է ամերիկաբնակ հայ պատմաբան, դոկտոր Ռիչարդ Կիրակոսյանը:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը (նստավայրը՝ Մոսկվա): 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Լիոնի քաղաքապետին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը Երևանում՝ Հանրապետության Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին Լիոնի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բազում հաջողություններ։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի հաջողությունները հայաստանցիները համարելու են նաև իրենցը այն պարզ պատճառով, որ դրանք հայ-ֆրանսիական բարեկամության կարևոր բաղկացուցիչն են: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը:

Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր: Նման հայտարարությամբ  հանդես է եկել Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ 24 երկրներից Երևան ժամանած «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» 220 երիտասարդ մասնակիցներին ուղղված իր խոսքում։ 

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անհիմն է համարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցը բացառապես Հայաստանի իշխանություններին քննադատելու և մեղադրելու քողի տակ ներկայացնելը: Շարմազանովն ընդգծեց, որ այդ հարցազրույցում կա ինչպես առողջ քննադատություն, այնպես էլ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացրած քաղաքականության արդյունքում եղած ձեռքբերումների մասին հստակ գնահատականներ: 

Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու «FMD K&L Europe» ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական «Sylex» և «Clinerion» ընկերությունների հետ։ Երեք ընկերությունները համագործակցելու են՝ Հայաստանում բիոտեխնոլոգիաների և կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդրնելու գործում։

Հայաստանը ներկայում բանակցում է Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։  Հայաստանն ստանձնել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի նախագահությունը, որի առիթով հանձնաժողովի 13-րդ նիստը մարտի 5-6-ն անցկացվեց Երևանում: Կազմակերպության միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարՎահան Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանը չափազանց կարևորում է տարածաշրջանի միջև ճանապարհային փոխկապվածությունը: «Վերջին տարիների մեր երկրի վարած տնտեսական քաղաքականությունից ևս ակնառու է, որ ճանապարհաշինական ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը մեր քաղաքականության լոկոմոտիվներից են: Դրանք տարեցտարի շատանում և ընդլայնվում են»,- ավելացրեց պաշտոնյան: Իրանը քննարկել ու պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ծրագրին, ասաց Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մեհտի Աշֆարին` հավելելով, որ այս ծրագիրը հայ-իրանական համագործակցության կարևոր ուղղություններից է: «Այդ ծրագրի բանակցությունները շարունակվում են: Իրանում էլ քննարկել ենք հարցը, մենք պատրաստակամ ենք մասնակցելու ծրագրին: Արդեն պետք է մյուս երկրները վերջնական համաձայնության գան, որ այն իրականություն դառնա»,-ասաց Մեհտի Աշֆարին:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց  Հայաստանի և Մեքսիկական Միացյալ Նահանգների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրմանը:

Ճապոնիայի մայրաքաղաքում բացված «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված է Հայաստանի 8 արտադրող. մեր երկիրն առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին, որը խոշորագույններից մեկն  է ամբողջ Ասիայի տարածաշրջանում:

Բեռլինում տեղի է ունենում «ITB Berlin 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ «ITB Berlin-ի» ներկայացուցիչների կողմից բացառիկ հնարավորություն է տրվել հայկական կողմին մասնակցել ցուցահանդեսի շրջանակում մարտի 8-ին իրականացվող «ITB Speed Networking Event» ծրագրին։ Ցուցահանդեսին հայկական տաղավարը ներկայացնում է թվով 17 զբոսաշրջային ընկերություն: 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին:

Երևանում  կայացել է «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովը: Համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդգծեց,  որ Երևանում մեկնարկած համաժողովը նվիրված է պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և հեռանկարներին:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարին հունվարի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2 տոկոս գնանկումով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ մարտի 5-ին Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Նախագահ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ծիծեռնակաբերդի բարձունքում և զուգահեռաբար բոլոր մարզերում կայացած «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների հանդիսավոր երդման կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք
Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները»։

Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Արմեն Սարգսյանն այցելել է նաև Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ տիկին Գրետային:

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած, իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Սերժ Սարգսյանը մարտի 7-ին Նախագահի նստավայրում Երախտագիտության մեդալներով է պարգևատրել նաև տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող կին լրագրողների՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ «Ձեր մասնագիտական նվաճումներն ու առաջընթացը, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ակտիվությունը բացառիկ կարևորություն ունեն Հայաստանի զարգացման և ապագայի համար: Ավելի արդար ու ազատ հասարակություն, ավելի հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործում ձեր մասնակցությունն ունի անփոխարինելի նշանակություն»,- նշել Է ՀՀ Նախագահը։ Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ։ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Կանաց տոնի առիթով:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով հստակեցվում է ՀՀ ապագա կառավարության գործունեությունն ու կառուցվածքը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու լիազորությունը կանցնի վարչապետին: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու  2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարեց Trade.gov.am միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին: Նա նշեց, որ գործող կարգավորումների համաձայն ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում տնտեսվարողները, մինչև ապրանքի փաստացի զննման կամ փորձաքննության գործընթացը, պարտավորվում են ըստ ապրանքի տեսակի մի շարք մարմինների ներկայացնել պահանջվող փաստաթղթեր։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու գործընթացի կարգի փոփոխության մասին որոշման նախագծին. գործընթացը Հայաստանում կանցկացվի փուլ առ փուլ, այլ ոչ թե միանգամից: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է դեղերի դեղատոմսով բաց թողնման  ժամանակացույցը։ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ում կողմից և ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։

Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային երրորդ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները:

Սփյուռք

Ամերիկյան Forbes հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ երեք գործարար` Սերգեյ Գալիցկին (Հարությունյան),

 Սամվել Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը:

 «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում դաժան ծեծի ենթարկվելուց հետո հոսպիտալացվել է գլխի, աչքի մի շարք վնասվածքներով, դիմածնոտային կոտրվածքներով: Շատ անհատներ և կազմակերպություններ, ինչպես կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը և Հայկական իրավաբանական ասոցիացիան, դատապարտել են կատարվածը:

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով:

Միջազգային խճանկար

Սիրիայում կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռ: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռում 26 ուղևորների և անձնակազմի 6 անդամների առկայությունը. Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը զոհվել են: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) ընդունել Է Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձեւը՝ Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանի իրադարձությունների հետաքննության պահանջով, արվարձան, որը գտնվում Է զինված ընդդիմության վերահսկողության ներքո՝ Սիրիայի կռավարական զորքերի պաշարման մեջ:

ՄԱԳԱՏԷ-ն հավաստում Է Իրանի կողմից միջուկային գործարքի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը: Այդ մասին հայտարարել Է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

 Moody՚s միջազգային վարկանշային գործակալությունը Թուրքիայի երկարաժամկետ վարկանիշերը “Ba1”-ից իջեցրել Է մինչեւ “Ba2”:

2017 թվականին տնտեսական զարգացման արդյունքներով Չինաստանը երկրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի խոշորագույն տնտեսությունների թվում:

ԿԺԴՀ-ի իշխանությունները ցանկություն են հայտնել կասեցնել միջուկային ու հրթիռային փորձարկումները ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ժամանակաշրջանում: Այդ մասին Սեուլում կայացած բրիֆինգում հայտնել Է Հարավային Կորեայի նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնը: Նա նաեւ հայտնել Է, որ Փենյանը հարավկորեական պատվիրակության այցի ընթացքում հավաստել Է Կորեական թերակղզու միջուկազերծման հանձնառությունը: «Հյուսիսկորեական կողմը պարզորոշ նշեց Կորեական թերակղզու միջուկազերծման իր հանձնառությունը՝ եւ հայտարարեց, որ ինքը միջուկային զենքի տիրելու հիմքեր չի ունենա, եթե երաշխավորվի ռեժիմի անվտանգությունը եւ վերացվեն ռազմական սպառնալիքները ԿԺԴՀ-ի համար»,- նշել Է նա: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն: Այս կարծիքն Է հայտնել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման խորհրդաժողովի (ՅՈՒՆՔԹԱԴ) գլխավոր քարտուղար Մուհիսա Քիթույին:

Մշակույթ

Ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի կերպը» կինոնկարը «Օսկարի» գլխավոր մրցանակն ստացավ ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի թվով 90-րդ մրցանակաբաշխությանը:

Երգչուհի Սիրուշոն այս օրերին «Արմատ» ձայնասկավառակի շրջանակներում իրականացնում է նույնանուն համերգային արշավը: Երգչուհին համերգներով արդեն հանդես է եկել Բելգիայում, Հոլանդիայում: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանը:

Սպորտ

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Իր ելույթում ՀՀ Նախագահը նշել է. «Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը»: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն սպիտակներով ոչ-ոքի խաղաց  հավակնորդների մրցաշարի առաջին տուրում նրա մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենն էր: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում հաղթել է «Միլան»-ին (0:2): «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում: Մխիթարյանը ճանաչվել է «Միլան»-ի դեմ խաղում լավագույն ֆուտբոլիստ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ