Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ասկերովի և Գուլիևի մասին հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է. Դավիթ Բաբայան


ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անհեթեթություն է համարում Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին «բարոյական և ֆիզիկական կտտանքների» ենթարկելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով International Human Rights Defence Committee անունով կազմակերպության տարածած հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում, Դավիթ Բաբայանն ասաց. «Այդ կազմակերպության հայտարարությունն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն գրվել է կամ Բաքվում, կամ Սումգայիթում, չի բացառվում նաև, որ այդ կազմակերպությունը գտնվում է Ադրբեջանում: Այդ հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է, որն ադրբեջանցիները մատուցում են հանրությանը»:

Դավիթ Բաբայանի խոսքով, այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ահաբեկչություն: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է Ասկերովին և Գուլիևին և հնարավորություն ունենում գնահատելու նրանց վիճակը: Նրանք երբևէ որևէ բռնության չեն ենթարկվել` ոչ ֆիզիկական և ոչ էլ բարոյական»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Վերջինս միջազգային հանրությանը կոչ է անում հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական բանտերում հայտնվող հայերը կամ հենց ադրբեջանցի քաղբանտարկյալները: «Այդ դեպքում բոլորը պատկերացում կկազմեն, թե ինչպիսին է իրավիճակն Ադրբեջանում»,- նկատեց Բաբայանը:  

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել՝ լրտեսական գործունեության միջոցով: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: 




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ