Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտաշես Գեղամյան. Մտորումներ Եվրասիական տնտեսական միության կայացման գործում հանրային դիվանագիտության դերի մասին

Արտաշես Գեղամյան. Մտորումներ Եվրասիական տնտեսական միության կայացման 
գործում հանրային դիվանագիտության դերի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ այսպես, 2018թ. մարտի 13-14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի և ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստը։ Նիստի ծրագրում նախատեսված է «Եվրասիական ինտեգրացիան և հանրային դիվանագիտությունը» հարցի քննարկումը, որի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ հանդես է գալու Ձեր խոնարհ ծառան։ Չեմ թաքցնի, որ խիստ մեծ է համընդհանուր ընդունված սխեմայով զեկույցը կազմելու գայթակղությունը, այն է՝ պատմել Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների մասին, օրինակ, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների հետ արտաքին առևտրի ոլորտում, իսկ այդպիսիք, անկասկած, կան, կամ էլ՝ ընթերցողներին ծանոթացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի՝ ս.թ. փետրվարի 20-ին ՀՀ-ում կայացած 18-րդ նիստի նյութերին, որի ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Միևնույն ժամանակ՝ որոշել հանրային դիվանագիտության ոլորտի կոնկրետ խնդիրները, որոնք նպատակ ունեն այս ամենը դարձնել մեր երկրների բնակչության լայն շերտերի սեփականությունը։ Կամ էլ՝ կարելի էր հատկապես առանձնացնել Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը, որոնց մեկնարկը տրվեց 2017թ. նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ։ Ավելին, հանրային դիվանագիտության համար որդեգրել այն տարողունակ բնութագրերը, որոնք այդ արարողության ժամանակ իրենց ողջույնի խոսքում տվեցին մեր նախագահները։ Այսպես, ողջույնի իր խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց. «Մեզ մերձեցնում են ընդհանուր բազմադարյա պատմությունը, հոգևոր հարազատությունը, անկեղծ հետաքրքրությունը միմյանց ավանդույթներով և սովորույթներով։ Մարդկային, բարեկամական, ընտանեկան կապերը, որոնց արմատները գնում են դարերի խորքը, փոխանցվում սերնդեսերունդ»։

Կարելի է մեջբերել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Ժամանակի ընթացքում մեր երկրների ու ժողովուրդների կյանքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, սակայն անփոփոխ են մնացել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ ջերմությունն ու անկեղծությունը՝ փոխկապակցված պարզ մարդկային ճակատագրերով։ Վերջին քառորդ դարի ընթացքում տպավորիչ առաջընթաց է արձանագրվել նաև հումանիտար կապերի զարգացման գործում։ Ավանդական արժեքներին ու ազգային ինքնատիպությանը հավատարիմ մեր ժողովուրդները մշտապես եղել են բաց և խորապես հետաքրքրված մշակույթների փոխներթափանցմամբ»։

Սակայն արդի աշխարհում, այնպիսի պայմաններում, երբ միջազգային իրադրությունը բնութագրվում է համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջև լուրջ հակասությունների մի ամբողջ համալիրով, երբ մեծ է լայնամասշտաբ ռազմական հակամարտությունների սանձազերծման վտանգը, կարծում եմ, ԵԱՏՄ անդամ պետությունների ժողովրդական դիվանագիտության գլխավոր խնդիրը պետք է դառնա աշխարհի անվտանգության սպառնալիքների չեզոքացմանն ուղղված արդյունավետ համակարգի ստեղծումը։ Միևնույն ժամանակ, հարկ է այդ աշխատանքին ներգրավել միջազգային հարաբերությունների համակարգի ոչ պետական մասնակիցներին՝ տարբեր պետությունների  հիմնական արտաքին քաղաքական գերակայությունները համատեղ սահմանելու նպատակով։ Կարծում եմ, որ աշխարհում ստեղծված իրողությունների համատեքստում Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանականները պետք է միավորեն ջանքերը՝ հիմնական միջազգային խորհրդարանական կազմակերպություններում փոխլրացնող մասնակցության նպատակով, իրենց արտաքին քաղաքական շահերի տարբեր ասպեկտների և սեփական անվտանգության ապահովման համար։ Ընդ որում, կարևոր է, որպեսզի մեր հետագա համատեղ աշխատանքում մենք ելակետ ունենանք ՆԱՏՕ գործունեության հետագա ակտիվացման կայուն միտման ըմբռնումը, այն, որ դաշինքը փորձում է ամրապնդել իր առաջատար դերը եվրատլանտյան տարածքում, ադապտացնել ՆԱՏՕ նոր անդամներին, շարունակել վերակողմնորոշել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) և Բալթյան պետություններին դեպի Արևմուտք։ Միևնույն ժամանակ, կարևոր է մանրակրկիտ վերլուծել Հայաստանի հանրային դիվանագիտության հնարավորությունները, որը, ՀԱՊԿ անդամ լինելով, ներառված է ՆԱՏՕ առանձին ծրագրերում՝ մասնակցություն խաղաղարար գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում՝ ՆԱՏՕ հովանու ներքո, ինչպես նաև առանձին հրամանատարաշտաբային զորավարժանքներին, որոնք անցկացվում են Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող տարբեր երկրներում։ Կարծում եմ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև չթուլացող լարվածության պայմաններում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև երկխոսության հաստատման՝ թեկուզ Հայաստանի միջոցով միջնորդավորված, ցանկացած հնարավորություն կարող է դրական ազդեցություն ունենալ լարվածության մեղմման վրա։ Ընդ որում, հարկ է ելնել այն անվիճելի ճշմարտությունից և իրողությունից, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ողջ քաղաքական, պաշտպանական և տնտեսական դոկտրինը հիմնված է ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին ինտեգրացիայի վրա։ Միևնույն ժամանակ, չարժե տարվել ավելորդ լավատեսությամբ այս հարցում, այլ հարկավոր է ելնել այն բանից, որ ԱՄՆ ռազմաքաղաքական ուղեգիծը Եվրոպայում ուղղվելու է այստեղ նրա դիրքերի պահպանմանն ու ամրապնդմանը՝ եվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծման ֆոնին, որի գլխավոր բաղադրիչն է դառնալու ՆԱՏՕ-ն։ Վերլուծելով վերջին ամիսներին ընդունված փաստաթղթերի (ԱՄՆ ազգային անվտանգության նոր Ռազմավարությունը՝ հրապարակված 2017թ. դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը՝ ՆՄԴ, հրապարակված 2018թ. փետրվարի 2-ին, աշխարհում ԱՄՆ-ը վտանգող սպառնալիքների մասին հետախուզության Զեկույցի նոր տարբերակը՝ հրապարակված 2018թ. մարտի 6-ին. նշենք, որ Զեկույցի առաջին տարբերակը հրապարակվել էր ս.թ. փետրվարի 13-ին) բովանդակությունը՝ կարելի կլինի պնդել, որ Եվրոպայում իր արտաքին քաղաքական պլանների իրագործման ԱՄՆ ուղեգիծն էլ ավելի կխստացվի՝ գլխավորապես եվրոպական խնդիրների լուծման գործում Ռուսաստանի ազդեցության թուլացման նպատակներով։ Ընդ որում, հանրային դիվանագիտության հիմնական ուղղությունները լիարժեք պատկերացնելու համար նպատակահարմար կլինի որոշ մեջբերումներ կատարել վերոնշյալ փաստաթղթերից։

Այսպես, ԱՄՆ ազգային անվտանգության նոր Ռազմավարությունում նշվում են այդ երկրի անվտանգության երեք գլխավոր սպառնալիքները. «Մեր առջև կանգնում է մարտահրավերների երեք գլխավոր լրակազմ՝ Չինաստանի և Ռուսաստանի ռևիզիոնիստական ջանքերը, վտարյալ երկրներ Իրանը և Հյուսիսային Կորեան և միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնք նպատակաուղղված են ակտիվ գործողությունների Միացյալ Նահանգների դեմ»։ Ամերիկյան ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի՝ ԱՄՆ Սենատին ուղղված զեկույցում (2018թ. մարտի 6, այսուհետ՝ Զեկույց) 34 հիշատակություն կա Ռուսաստանի «ապակառուցողական, ԱՄՆ-ի դեմ ուղղված» դերի մասին։ Այսպես, զեկույցում, մասնավորապես, նշվում է. «Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են ընդլայնել իրենց ազդեցությունը և խափանել ԱՄՆ ազդեցությունը քաղաքական և տնտեսական մեթոդներով, մանավանդ այն տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ը չի կարող լիարժեք կատարել իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ... Ռուսաստանը և Չինաստանը շարունակելու են գլոբալ սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ շահերին երկարատև հեռանկարում... Ռուսաստանը լինելու է ԱՄՆ ամենավտանգավոր սպառնալիքը 2018թ.՝ նկատի ունենալով կիբեռհարձակումների սակավռիսկային, բայց բավական արդյունավետ միջոցների կիրառումը...»։ Հարկ չկա ներկայացնելու Ռուսաստանից բխող «սպառնալիքների» ողջ ցանկը։ Ասենք միայն, որ Զեկույցում նաև նշված է. «Ռուսաստանը կշարունակի վերահսկել Վրաստանի «օկուպացված» տարածքները, ինչպես նաև հանդես գալ որպես դատավոր Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հարցում, որտեղ լուրջ ռազմական հակամարտության ռիսկ կա։ Ադրբեջանը կարող է մարտական գործողություններ նախաձեռնել արդեն 2018 թվականին՝ օգտվելով այդ թվում Ռուսաստանից նոր սպառազինությունների մատակարարումներից»։

Ուշադրությունից զերծ չեն մնացել նաև Միջին Ասիայի՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից երկրները. «Ռուսաստանը կփորձի հասնել ԱՄՆ ազդեցության կրճատման Միջին Ասիայի երկրներում և համապատասխանաբար՝ ուժեղացնել իր ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցությունը։ ԻԼԻՊ սպառնալիքը կբարձրացնի անվտանգության ռուսաստանյան միջոցների նշանակալիությունը Միջին Ասիայի երկրների համար, ինչի հետ համաձայն կլինի նաև Չինաստանը, որը շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ, ինչը կարող է ապահովել Ռուսաստանը»։

Կարելի է նաև որոշ մեջբերումներ կատարել ԱՄՆ ՆՄԴ-ից, որի հիմքում ԱՄՆ ղեկավարության ձգտումն է՝ «բարձրացնել ԱՄՆ միջուկային պոտենցիալի ճկունությունը և բազմազանությունը, այդ թվում հնարավոր համարելով փոքր հզորության միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը. դա կարևոր է տարածաշրջանի մասշտաբով ագրեսիան կանխելու կարողությունը պահպանելու համար»։ Որպեսզի պատկերն ամբողջական լինի և որպես համարժեք պատասխան ԱՄՆ նշյալ հիմնարար փաստաթղթերին «անվտանգության գլոբալ սպառնալիքների» առումով՝ որոշ մեջբերումներ կատարենք ս.թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի Ուղերձից։ Ընդհանրացնելով կատարված աշխատանքը Ռուսաստանի պաշտպանության ոլորտում՝ նախագահ Վ.Պուտինն ասել է. «Հույս ունեմ, որ այն, ինչ ասվեց այսօր, կսթափեցնի ցանկացած պոտենցիալ ագրեսորի, ինչպես նաև թշնամական քայլերը Ռուսաստանի հանդեպ, ինչպիսին են ՀՀՊ համակարգի տեղադրումը, ՆԱՏՕ ենթակառուցվածքի մոտեցումը մեր սահմաններին և նման այլ բաներ, ռազմական տեսակետից անարդյունավետ են դառնում, ֆինանսական տեսակետից՝ չարդարացված կերպով ծախսատար և վերջնարդյունքում՝ պարզապես անիմաստ նրանց համար, ովքեր նախաձեռնում են դրանք և անում... Հատկապես ընդգծեմ. Ռուսաստանի աճող ռազմական հզորությունը ոչ մեկին չի սպառնում, մենք չենք ունեցել և չունենք այդ պոտենցիալը հարձակողական, առավել ևս՝ ագրեսիվ նպատակներով օգտագործելու պլաններ... Մեր քաղաքականությունը երբեք չի հիմնվի բացառիկության նկրտումների վրա, մենք պաշտպանում ենք մեր շահերը և հարգում մյուս երկրների շահերը, ղեկավարվում ենք միջազգային իրավունքով, անխուսափելի ենք համարում ՄԱԿ հանգուցային դերը»։

Ուզում եմ հուսալ, որ վերոնշյալ բոլոր փաստաթղթերի խոր ընկալումը պետք է դրվի հանրային դիվանագիտության համատեղ ծրագրի մշակման հիմքում ԵԱՏՄ մասնակից երկրների, ՀԱՊԿ անդամ պետությունների համար։ Միևնույն ժամանակ, հարկ է ելակետ ունենալ այն, որ արտաքին քաղաքականության վարումը ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամի զարգացման շահերից ելնելով՝ ազգային անվտանգության հարցերում ռազմավարական ինքնուրույնության պահպանմամբ, պետք է լինի հանրային դիվանագիտության միջազգային գործունեության գլխավոր բովանդակությունը։ Նման մոտեցումն, ըստ իս, շատ բանով կնպաստի ԵԱՏՄ կայացմանը՝ որպես գլոբալ տնտեսության առաջատար կենտրոններից, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության ուժի ազդեցիկ կենտրոններից մեկի։

Հակիրճ այսպիսին են իմ մտորումները Եվրասիական տնտեսական միության կայացման գործում հանրային դիվանագիտության դերի մասին՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի նախօրեին։                  

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ,

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

www.amiab.am


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]