Դեսպան Տեր-Ստեփանյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ նորանշանակ գլխավոր քարտուղարի հետ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը մարտի 5-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք ողջունեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի միջև հաստատված բարձրակարգ հարաբերությունները:
Դեսպան Տեր-Ստեփանյանը գոհունակությամբ նշեց, որ մարտի 19-20-ը ՀՀ Ազգային ժողովում կկայանա ՖԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը՝ այդ համատեքստում շնորհակալություն հայտնելով ՖԽՎ գրասենյակին՝ ՀՀ Ազգային ժողովը համագործակցության իրենց «ՆՈՐԻԱ» ծրագրի շահառուների շարքում ընդգրկելու համար:
Դեսպան Տեր-Ստեփանյանը ողջունեց նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՖԽՎ-ի ավանդը Հայաստանի կողմից առաջարկված «Ապրել միասին» ֆրանկոֆոն պակտի մշակման գործում:
ՖԽՎ գլխավոր քարտուղարն իր հերթին ընդգծեց Երևանի գագաթաժողովի կարևորությունը և բարձր գնահատեց վերջինիս առնչությամբ Հայաստանի սահմանած առաջնայնությունները, մասնավորապես՝ Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի կազմակերպումը:
Հանդիպման ավարտին ՖԽՎ գլխավոր քարտուղարը ընդգծեց, որ կօգտագործի գագաթաժողովի ընձեռված հնարավորությունը՝ ՀՀ Ազգային ժողովի հետ կապերն առավել ամրապնդելու համար:
Տեղեկանք. «ՆՈՐԻԱ»-ն Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2002թ. ստեղծված ծրագիր է, որի հիմնական նպատակն է աջակցել ֆրանկոֆոն խորհրդարաններին տեղեկատվության փոխանակման և տարածման գործում, որն իր մեջ ներառում է նաև պատգամավորների և խորհրդարանի պաշտոնյաների համար ֆրանսերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում