Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/101. «Դորիան Գրեյի դիմանկարը», «Հաղթական կամար», «Ալքիմիկոսը» ամենավաճառվածների աղյուսակում են

Երևանյան բեսթսելեր 4/101. «Դորիան Գրեյի դիմանկարը», «Հաղթական կամար», 
«Ալքիմիկոսը» ամենավաճառվածների աղյուսակում են

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Մարկ Արենի«Վիլ-Էվրար» նոր գիրքը այս անգամ երկրորդն է: Ռուս հանճարեղ շախմատիստ Ալյոխինը լքում է Ռուսաստանը, Մյունխենի Կրոնե կրկեսում հավաքվում են տխրահռչակ բազմահազար դահիճները, նորաձևության ապագա թագուհին՝ տիկին Կոկոն, ասպարեզ է հանում Շանել N:5-ը, հոգեբուժության պրոֆեսոր Ֆոսթերը, ով ներշնչել էր Հիտլերին նրա գերմարդ լինելու միտքը և դրանով ոչնչացման դատապարտել իր միլիոնավոր հրեա ազգակիցներին, փրկում է մահապատժից հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, աշխարհահռչակ Սեն-Սանսը ելույթ է ունենում Փարիզում իր վերջին համերգով: Եվ հենց այդտեղ՝ Փարիզում, Վիլ-Էվրար հոգեբուժարանում, անքուն գիշերներ է լուսացնում նրա վաղեմի ընկեր Կոմիտասը... Ժամանակակից հայ երաժշտության կյանքի ուղու տվյալ հատվածը ծածկված է թանձր մշուշով, ուստի չկա ապացույց, որ այս պատմությունը ճշմարիտ չէ: Գիրքը թարգմանել է Հովհաննես Այվազյանը:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Մեր ցանկ է վերադարձել և չորրորդ հորիզոնականում հայտնվել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն հեղինակի առաջին գիրքն է, որը կարճ ժամանակում դարձել է բեսթսելեր: Ժողովածուն սիրո և նվիրման յուրօրինակ ձոներգ է: Այն վեց հրատարակություն է ունեցել: Խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

 «Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է: Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:

«Որբանոց», «Կուկու» գրքերի հեղինակ Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ գիրքը վեցերորդն է:

Յոթերորդ տեղում կրկին գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափին սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը ութերորդ հորիզոնականում է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանել է Հայկ Ֆելեքյանը:

Օսկար Ուայլդի հանրահայտ «Դորիան Գրեյի դիմանկարը» առեղծվածային ստեղծագործությունը իններորդ տեղն է զբաղեցրել: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Անգլերենից թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել Աշոտ Գաբրիելյանը:

Ամենավաճառվածների աղյուսակն այս շաբաթ եզրափակում է բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +2 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 106
2 -1 Մարկ Արեն «Վիլ-Էվրար»

Բուկինիստ 92
3 +1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 89
4 * Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» Անտարես 40
5 +3 Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար» Էդիթ Պրինտ 33
6 Էդգար Կոստանդյան «Սովորական երկիր» Հեղինակային հրատ. 31
7 Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 30
8 * Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»


Անտարես 20
9 * Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 18
10 * Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 15

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]