Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շախմատային թագի հետևից կամ հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ. վերլուծություն

Շախմատային թագի հետևից կամ հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ. վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային աշխարհը հաջորդ երկու շաբաթներին հետևելու է 8 գրոսմայստերների համառ, զգուշավոր, երբեմն նույնիսկ կատարելության հասնող պարտիաներին: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինն ընդունում է հավակնորդների մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ է, որ հավակնորդների մրցաշարն անցկացվում է Գերմանիայում: Բեռլինն արդեն վերածվել է շախմատի մայրաքաղաքի: Շախմատը մեծ սեր է վայելում գերմանացիների շրջանում՝ բնակչության մոտ 27 տոկոսը պարբերաբար շախմատ է խաղում: Հավակնորդների այս մրցաշարը պատմության մեջ ամենամեծ մասսայականություն վայելողներից մեկն է լինելու, քանի որ 3000-ից տոմս արդեն վաճառվել է:

Մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել: 8 գրոսմայստերից 3-ը ներկայացնում են Ռուսաստանը, 2-ը՝ ԱՄՆ-ն, 1-ական շախմատիստներ ունեն Հայաստանը, Չինաստանը և Ադրբեջանը:

Ալեքսանդր Գրիշչուկ - 12-րդը վարկանիշով, 34 տարեկան

Ռուս գրոսմայստերն արագ շախմատի աշխարհի եռակի չեմպիոն է: Նա շախմատային աշխարհում առաջին քայլերն արեց 2000 թվականին, երբ 17 տարեկան էր: Գրիշչուկն մասնակցել է հավակնորդների 3 մրցաշարի (2007, 2011, 2013): Նա Ռուսաստանի հավաքականի կազմում 2 ոսկե, 3 արծաթե և մեկ անգամ էլ բրոնզե մեդալ է նվաճել օլիմպիադայում: Գրիշչուկն ունիվերսալ շախմատիստ է և հրաշալի «դիմադրում է» ճնշմանը: Նա համարվում է շախմատային աշխարհի ամենավտանգավոր հակառակորդներից մեկը:

Ֆաբիանու Կարուանա - 7-րդը վարկանիշով, 25 տարեկան

Շախմատիստը ծնվել է ԱՄՆ-ում, շախմատ խաղալ սովորել է Բրուկլինում, սակայն շախմատային ասպարեզում զգալի հաջողություններ սկսել է գրանցել միայն Եվրոպա տեղափոխվելուց հետո: Կարուանան գրոսմայստերի նորմա լրացրեց՝ անհրաժեշտ վարկանիշ հավաքելով 15 ամյակից առաջ: Կարուանայի ուժեղ կողմերից մեկը համարվում է պարզ շախմատ խաղալը՝ չենթարկվելով հոգեբանական ճնշումների:

Սերգեյ Կարյակին – 13-րդը վարկանիշով, 27 տարեկան

Նա շախմատային աշխարհում ի հայտ եկավ 2002 թվականին, երբ դարձավ շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ 12 տարեկան 7 ամսական: Կարյակինի ռեկորդը դեռևս անգերազանցելի է: Գրոսմայստերն համարվում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հիմնական հակառակորդներից մեկը՝ հաշվի առնելով, որ նա հաղթել էր հավակնորդների նախորդ մրցաշարում: Կարյակինը միշտ պատրաստ է հակագրոհելու և նրա «դիմադրողականությունը» նրան դարձնում է վտանգավոր մրցակից ցանկացած հակառակորդի համար:

Հավակնորդների այս մրցաշարի 8 մասնակիցներն էլ շատ ուժեղ շախմատիստներ են: Նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել թե առաջինը, թե վերջինը: Լևոնը լավ մարզավիճակում է թե մարզական տեսանկյունից, թե հոգեբանորեն:
Աշոտ Նադանյան-Լևոն Արոնյանի մարզիչ
 

Ուեսլի Սո – 4-րդ վարկանիշով, 24 տարեկան

Սոն ԱՄՆ գործող չեմպիոնն է: Մինչև 2015 թվականը ներկայացնում էր Ֆիլիպինները, սակայն այնուհետև տեղափոխվեց ԱՄՆ և սկսեց ներկայացնել Միացյալ Նահանգները: Վերջինս ամենաերիտասարդ շախմատիստն է, ով գերազանցեց 2600 վարկանիշը (2008 թվական): Երիտասարդ հասակում Սոն նախընտրում էր տակտիկական և ագրեսիվ շախմատ խաղալ, սակայն էվոլուցիա ապրելով հիմա ավելի շատ շեշտը դնում է հակառակորդների սխալների վրա: Սոյի սիրելի շախմատիստն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Դին Լիժեն – 11-րդը վարկանիշով, 25 տարեկան

Լիժենը Չինաստանի եռակի չեմպիոն է (2009, 2011, 2012):  Չինաստանի հավաքականի կազմում հաղթել է շախմատային օլիմպիադայում: 2016 թվականի Լիժենը արագ շախմատում առաջինն էր իր վարկանիշով: 2017 թվականին նա դարձավ առաջին չինացի շախմատիստն, ով իրավունք ստացավ մասնակցելու հավակնորդների մրցաշարին:

Շախրիյար Մամեդյարով – 2-րդը վարկանիշով, 32 տարեկան

Մամեդյարովը մասնակցել է հավակնորդների մրցաշարին 2011 և 2014 թվականներին: Հայտնի է ագրեսիվ շախմատով: Նա միակ շախմատիստն է, ով 2 անգամ հաղթել է աշխարհի երիտասարդների առաջնությունում (2003, 2005):

Դժվար կլինի գուշակել, թե ինչպիսի պայքար կծավալվի: Բոլորն էլ շատ ուժեղ շախմատիստներ են և միանշանակ կարող են հաղթել, ունեն հավասար հնարավորություններ: Լևոնի մրցելույթները մինչ այս շատ հուսադրող են: Եթե այդ կերպ շարունակի, կարծում եմ հավակնորդների մրցաշարի ֆավորիտ կմնա:
Հրանտ Մելքումյան – շախմատի հավաքականի անդամ

Վլադիմիր Կրամնիկ – 3-րդը վարկանիշով, 42 տարեկան

Ռուս գրոսմայստերն աշխարհի չեմպիոնն էր 2000-2007 թվականներին: Կրամնիկը չեմպիոնի կոչումը նվաճեց 2000 թվականին՝ հաղթելով Գարի Կասպարովին: Նա հաջողությամբ պահպանեց չեմպիոնի տիտղոսը 2004 և հետագայում նաև 2006 թվականներին: Կրամնիկն այն շախմատիստներից է, ով դիրքային պայքար է մղում:

Լևոն Արոնյան – 5-րդ վարկանիշով, 32 տարեկան

Արոնյանը շախմատասերների և մասնագետների կարծիքով հավակնորդների այս մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկն է: Նա վերջին շրջանում հաջող է մասնակցում միջազգային մի շարք մրցաշարերի: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: Հայ գրոսմայստերը շախմատ խաղալ սովորել է 9 տարեկանում: Նա շախմատային օլիմպիադաների եռակի ոսկե մեդալակիր է, աշխարհի թիմային առաջնության հաղթող:

 

Լևոնը մեծ փորձ ունի հավակնորդների մրցաշարերում: Լիահույս եմ, որ այս անգամ նրա մոտ կստացվի հավակնորդների մրցաշարում հաղթել: Հավակնորդների մրցաշարը միշտ էլ ուժեղ կազմ է հավաքում, բայց այս անգամ կան և՛ ուժեղներ, և՛ երիտասարդներ: Ինձ համար ֆավորիտը Լևոնն է:
Գաբրիել Սարգսյան – շախմատի հավաքականի անդամ

 

Հավակնորդների մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 9-ին: Առաջին տուրը կխաղարկվի մարտի 10-ին: 14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]