Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ով ընդգծել է, որ հանդիպման ընթացքում շատ հետաքրքիր զրույց են ունեցել տարբեր թեմաների, հարկային ոլորտում համագործակցության, Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագրի շուրջ: «Մենք խոսել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին, որի միջոցով Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը փորձում է բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները և օգնել Հայաստանին և Արցախին»,- ասել է Փալոնը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչ Ջեքի Սփիերը մեկնաբանել է հայկական խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ: «Ես նրան ասացի, որ սա նոր Հայաստանն է, Հայաստան, որն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգի և ցանկանում է ամրապնդել ժողովրդավարությունը: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը նոր հաջողությունների հասնի 21-րդ դարում»,- նշել է Սփիերը:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Դեյվ Թրոտը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառելու անհրաժեշտության մասին: «Այնպիսի բարեկամի հետ, ինչպիսին Հայաստանն է, մենք պետք է ունենանք ամուր հարաբերություններ: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ վարչակազմը և Պետքարտուղարությունը հասկանում են, թե որքան կարևոր են այս հարաբերությունները և ամեն ինչ անելու ենք դա իրականություն դարձնելու համար»,- ընդգծել է Թրոտը:

Նյու Յորքը ներկայացնող կոնգրեսական Փոլ Տոնկոն ընդգծել է հայկական համայնքի կարևոր դերակատարումը իր տարածքում` նկարագրելով վերջերս հայկական համայնքի կազմակերպած միջոցառումներից մեկը, որին մասնակցել է: «Ես ականատես եղա, թե ինչպես են հայ երեխաները երգում հայերեն, և նրանք այնքան հպարտ էին: Նրանք իրենց ժառանգությունը շատ լավ են պահպանում և ներկայացնում:  Սա շատ կարևոր է, քանի որ ես ներգաղթյալի թոռ եմ և կարծում եմ, որ մենք բոլորս հրավիրվել ենք մի սեղանի շուրջ նստել այստեղ` ԱՄՆ-ում: Կարծում եմ, որ մենք այդ սեղանին մոտենում ենք տարբեր մշակույթներով, ավանդույթներով և հավատքներով: Մենք դա անում ենք այնպես, որպեսզի կիսվենք միմյանց հետ մեր ժառանգությամբ` որպես նվեր»,- նշել է Փոլ Տոնկոն:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ