Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Հայաստանն ունի զարգանալու և բարգավաճելու բոլոր նախահիմքերը. ԵՄ դեսպան Սվիտալսկի


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, մարտի 7-ին, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունից, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համատեքստում կազմակերպված ճեպազրույցին, որը համակարգում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն, ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուս, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ:

Իր ներածական խոսքում դեսպան Սվիտալսկին լավատեսորեն է արտահայտվե անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀՀԸԳ) վավերացման ու իրականացման գործընթացի առնչությամբ: Ըստ աղբյուրի, թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ՀՀԸԳ-ի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, «մենք ունենք հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է»,-նշել է դեսպան Սվիտալսկին:

«Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելել է Պյոտր Սվիտալսկին: Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: ԵՄ դեսպանը իր խոսքում նշել է, որ «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերը` զարգանալու և բարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար։

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ շոշափվել են մի շարք թեմաներ` կապված գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզայի ազատականացման հիմնախնդիրների հետ։

Եզրափակելով ճեպազրույցը` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շնորհակալություն է հայտնել դեսպանին և մասնակիցներին` բովանդակալից ելույթների համար: ««EuFoA»-ն  այսուհետ ևս կշարունակի աշխատել, որպեսզի համոզված լինի, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը համակարծիք են կարևորագույն հարցերի իրենց մոտեցումներում»,- ընդգծել է նա։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ