Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

ՍԱՊԾ-ն սպառողների իրազեկման շաբաթվա մեկնարկը տվել է ուսանողների ու աշակերտների հետ քննարկումով


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը տրվել է մարտի 7-ի երկու բաց դասերով, որոնք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անցկացրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների և Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի աշակերտների համար:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն ուսանողներին ներկայացրել է սպառողի իրավունքներն ու այդ իրավունքները պաշտպանելու ուղիներն ու հնարավորությունները: Ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը, ի՞նչ պետք է անի մարդը՝ իր կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպե՞ս կարող է և պետք է սպառողն առնչվի վերահսկող մարմնի հետ. սրանք ուսանողներին հետաքրքրող հարցերից մի քանիսն են միայն: Պարոն Դանիելյանը, պատասխանելով բոլոր հուզող հարցերին, շեշտել է, որ առանց սպառողի անմիջական աջակցության և պահանջատիրության հնարավոր չէ ապահովել լիարժեք վերահսկողություն սննդի շղթայում: Նա հիշեցրել է, որ սննդամթերքի մակնշմանն ուշադրություն դարձնելը, ոչ սանիտարահիգիենիկ պայմաններ ունեցող իրացման կետերից մթերք չգնելն ու հանրային սննդի օբյեկտներից չօգտվելը, նաև՝ այդ մասին պատկան մարմնին տեղեկացնելը էականորեն նվազեցնում են վտանգավոր սննդամթերքից տուժելու ռիսկերը:

Թիվ 35 դպրոցում սովորող երեխաներ ունեցող առնվազն 300 ընտանիքներում երեկոյան, ամենայն հավանականությամբ, քննարկվելու են սննդամթերքի անվտանգության, որակի կամ առողջարար լինելու հարցերը, քանի որ Ծառայության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը դպրոցականներին պատմել է վտանգավոր սննդամթերքից խուսափելու ուղիների ու միջոցների, առողջ սնունդ օգտագործելու առավելությունների, ինչպես նաև  սննդամթերք ընտրելու կանոնների մասին: Երեխաների հետ անցկացվել է խաղ-թեստ, որի ընթացքում նրանք արագ կողմնորոշվել են, թե որն է իրենց համար խիստ հրապուրիչ, սակայն արգելված սննդամթերքը. աշխույժ քննարկումները չիփսերի, գազավորված ըմպելիքի, կոնֆետների, պաղպաղակի և այլ մթերքների մասին երեխաների հետաքրքրվածության և թեմայի պահանջված լինելու լավագույն ապացույցն էին:

Ուսանողներն ու աշակերտները նաև ակտիվորեն քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների մասին պատմող տեղեկատվական թերթիկներն ու ցուցադրված սոցիալական հոլովակները»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ