Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը շնորհակալ է խաղապահ առաքելություններին ՀՀ ակտիվ մասնակցության համար


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի Բալկանյան, Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանային հարցերի պատասխանատու դոկտոր Թիֆանի Պետրոսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը, մասնավորապես, կարևորել է 2018 թվականի ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների անցկացումը և դրանց արդյունքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ծրագրերի նախաձեռնումը:

Թիֆանի Պետրոսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Հայաստանի ակտիվ և արդյունավետ մասնակցության համար, հավաստիացրել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել երկկողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են աջակցելու պաշտպանական բարեփոխումների իրականացմանը և խաղաղության ու կայունության ապահովման առաքելություններում ներգրավվող ՀՀ ԶՈՒ կարողությունների պատրաստությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ