Սիրուշոյի մենեջերը մանրամասներ է փոխանցել երգչուհու համերգային շրջագայություններից.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն այս օրերին «Արմատ» ձայնասկավառակի շրջանակներում իրականացնում է նույնանուն համերգային արշավը: Երգչուհին համերգներով արդեն հանդես է եկել Բելգիայում, Հոլանդիայում: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանը:
«Սիրուշոն մեկնարկեց «Արմատ» համերգային արշավը դեռևս 2017-ին: Նա համերգային շրջագայություններ է ունեցել Կանադայի Տորոնտո, Մոնրեալ քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիայում, տարեվերջին նաև Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում` այնտեղի հայ համայնքի հրավերով: Պետք է նշել, որ հաջողված շոու դառնալուց զատ արդեն վերածվել է մի յուրօրինակ կամուրջի, որը համախմբում է աշխարհասփյուռ հայերին: «Արմատ»-ը վարակիչ է և այն շրջելու է բազմաթիվ հայկական խոշոր համայնքներով»,- ասաց Նունեն:
Մենեջերի խոսքով`հանդիսատեսի ջերմությունը և ոգևորվածությունն ի հայտ էր գալիս ոչ միայն լեփ-լեցուն դահլիճներում, այլ նաև առցանց հարթակներում, որտեղ երկրպագուները կիսվում էին իրենց խանդավառությամբ և Սիրուշոյին կրկին տեսնելու սպասումներով:
«Երկու ժամ կենդանի հնչողությամբ համերգները համակցվել են հանդիսատեսի բուռն ծափահարություններով և հոտնկայս պարերով: Երկրպագուները համերգներից հետո, դեռ երկար ժամեր չէին լքում դահլիճները՝ փորձելով Սիրուշոյին հետ բերել կամ հնարավորություն ունենալ շփվել և լուսանկարվել նրա հետ»,- ավելացրեց Նունեն:
Վերջինս նշեց, որ Սիրուշոն իր շրջագայությունների ընթացքում ավանդույթ է դարձրել նաև հանդիպել սփյուռքում բնակվող ականավոր գործիչներին, արվեստագետներին և տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին ՝ ծանոթանալու նրանց ձեռքբերումներին և դրանք իր լսարանին մատուցելու նպատակով:
«Բելգիայում և Նիդեռլանդներում կայացած համերգային արշավի ընթացքում Սիրուշոն հասցրեց հանդիպումներ ունենալ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին այցելել «Վան» կիրակնօրյա դպրոց և ՀԲԸՄ-ի Նիդերլանդների երիտասարդ ներկայացուցիչների գրասենյակ, «Աբովյան» մշակութային կենտրոն: Հատկապես կարևոր էին համայնքների ղեկավարների և տեղի եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումները: Բելգիայում Սիրուշոն ևս ունեցավ հանդիպումներ հայ ականավոր գործիչների հետ՝ «Հայ Տուն» կենտրոնի նախաձեռնությամբ»,- եզրափակեց Նունեն:
Շուտով Սիրուշոյի մենահամերգներ սպասվում են նաև Նյու Ջերսիում և Բոստոնում՝ մարտի 17-ին և 23-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում