Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Լիոնի քաղաքապետն ավելի շոշափելի արդյունքներ է ակնկալում Երևանի հետ համագործակցության շրջանակներում


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, ով այս օրերին իր գլխավորած պատվիրակության հետ պաշտոնական այցով գտնվում է  Հայաստանում, վստահ է, որ իր՝ Լիոնի  քաղաքապետ լինելու հանգամանքը միանշանակ ազդեցություն է ունի երկկողմ հարաբերությունների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ Հայաստանի եւ Լիոնի միջեւ հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա,  որը անհամեմատ ավելին է, քան պարզապես բարեկամությունը:

«Ես ցանկացա, որ պատվիրակության կազմում ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր  համապատասխան բարձր պատասխանատվություն ունեն Լիոնի ղեկավարման տարբեր  ոլորտներում: Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում է եղել բարձրագույն կրթության ոլորտը, ապա անհամեմատ ավելի ընդարձակ տիրույթ՝ զբոսաշրջությունը եւ առողջապահությունը: Ուշադրության կենտրոնում են եղել նաեւ քաղաքաշինությանն առնչվող հարցեր»,-ասաց Լիոնի քաղաքապետը՝ ընդգծելով, որ նման ոլորտներում, ինչպիսիք են կինոարտադրությունը, Լիոնը եւս մեծ փորձ ունի, որը նույնպես պետք է փոխանցվի Հայաստանին: Նախատեսվում է նաեւ համագործակցություն երկու քաղաքների՝ Երեւանի եւ Լիոնի գրադարանների միջեւ, որտեղ հինգ հազարից ավելի աշխատություն է թվայնացվել:

Որպես ամփոփում՝ Լիոնի քաղաքապետը ներկայացրեց իր այցի շրջանակում ունեցած բարձրաստիճան հանդիպումները՝ ՀՀ Նախագահի, վարչապետի, Կրթության եւ գիտության նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ այլոց հետ:

«Քաղաքապետի հետ հանդիպմանը թարմացվեց արդեն իսկ գոյություն ունեցող մեր համագործակցության տեքստը, մենք կփորձենք  ներկայացված բոլոր ոլորտներում բոլոր ծրագրերին նոր շունչ հաղորդել ավելի շոշափելի արդյունքների գրանցման ակնկալիքով»,-ասաց Լիոնի քաղաքապետը եւ հավելեց, որ այս այցով նոր էջ բացվեց երկկողմ հարաբերություններում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ