Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր Նորքը բարեկարգ մանկապարտեզ ունի. «Ծիածան»-ը Նախագահի տիկնոջ ջանքերով մանուկներին ընդունեց նորովի վերակառուցված

Նոր Նորքը բարեկարգ մանկապարտեզ ունի. «Ծիածան»-ը Նախագահի տիկնոջ ջանքերով մանուկներին ընդունեց նորովի վերակառուցված

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորքի 6-րդ զանգվածում գործող միակ մանկապարտեզը՝ թիվ 114 նախադպրոցական հաստատությունը, այսուհետ փոքրիկների առջեւ իր դռները կբացի նոր տեքսով՝ հարդարված բակ, նոր կահավորանք ու դիզայն, անգամ նոր անվանում: Նախկին անհրապույր մանկապարտեզը այսուհետ կկրի «Ծիածան» անվանումը` համահունչ տեսքին եւ գունային լուծումներին:

Սկսած բակի ծաղիկներից մինչեւ ներքին հարդարանքի ամեն մի մասնիկ ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի երեւակայության եւ քրտնաջան աշխատանքի արդյունքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր մանկապարտեզի ավագ խմբի սաներից Հրանտը տիկին Ռիտայի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ շրջեց մանկապարտեզում եւ պատմեց նոր մանկապարտեզի նոր հնարավորությունների մասին:

«Ծիածան» մանկապարտեզ հաճախող 350 երեխաների թվում 60-ը զարգացման ընդհանուր խանգարում ունեցող երեխաներ են: Նոր մանկապարտեզում նրանց համար ստեղծված են հիանալի պայմաններ` իրենց լիովին տանը զգալու համար:

Արհեստական անտառն է` տարբեր կենդանիներով, կոճղերով, անտառին բնորոշ ձայներով: Ռիտա Սարգսյանը պատմեց, որ մանկապարտեզի այս անկյունը հատկապես զարգացման խանգարում ունեցող երեխաների համար է նախատեսված, որպեսզի նրանք այստեղ հանգստանան:

Նոր մանկապարտեզը բացի բժշկի սենյակից, վերանորոգված ու անուշաբույր խոհանոցից, մարզադահլիճից, ունի նաեւ լոգոպեդի եւ հոգեբանի սենյակ` հագեցված անհրաժեշտ պարագաներով` երեխաների մանր մոտորիկան, հիշողությունը զարգացնող խաղերով¸ հանգստացնող երաժշտությամբ: «Ես վախենում եմ, որ երեխաները այստեղից ուղղակի չեն ուզենա տուն գնալ: Ամենն արված է երեխաների համար, որ մեր բալիկները մեծանան ջերմ եւ գեղեցիկ մթնոլորտում, եւ ես համոզված եմ, որ այսպիսի մթնոլորտում չար մարդ չի կարող լինել»,-լրագրողների հետ զրույցում անկեղծացավ Ռիտա Սարգսյանը:

Այժմ հերթը խմբասենյակներինն է: Առաջին տիկինն այստեղ եւս յուրօրինակ եւ հետաքրքիր լուծումներ է գտել:

Առաջին սենյակը կոչվում է տարվա եղանակները:

Անվանը համահունչ սենյակը զարդարված է տարվա չորս եղանակները բնութագրող դեկորատիվ ծառերով, ամենատարբեր խաղալիքներով: Երկրորդ խումբը կենդանիների խումբն է, որտեղ պահարանների վրա ամենատարբեր խաղալիք կենդանիներ էին շարված:

Երրորդ սենյակն ամբողջությամբ զարդարված էր խմբի երեխաների նկարներով: Հաջորդ սենյակը, որն ի դեպ առաջին տիկնոջ ամենասիրելի սենյակն է, կոչվում է նավաստիների սենյակ ` նավով, անվանը բնորոշ յուրահատուկ խաղալիքներով զարդարված:

«Երեխաներն իմ տարերքն են, եւ ինձ համար հեշտ է նրանց հետ աշխատելը: Ինչ անում ես սիրով, հեշտ էլ ստացվում է»,-հավելեց Ռիտա Սարգսյանը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը նոր մանկապարտեզը համարում է համայնքի այցեքարտը: «Շատ գոհ եւ շնորհակալ եմ, եւ կարծում եմ, որ սա Երեւան քաղաքի ամենալավ մանկապարտեզն է»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]