1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամերիաբանկի տնօրինության անդամն առաջիկայում ավանդների տոկոսադրույքների փոփոխություն չի կանխատեսում

Ամերիաբանկի տնօրինության անդամն առաջիկայում ավանդների տոկոսադրույքների փոփոխություն չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա ամիսներին ավանդների տոկոսադրույքների էական փոփոխություններ չեն սպասվում: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այսպիսի տեսակետ հայտնեց Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը` անդրադառնալով հարցին, թե ավանդների տոկոսադրույքներն աճի կամ նվազման ինչ միտումներ ունեն: «Սխալ է ավանդների ու վարկերի տոկոսադրույքներն առանձին դիտարկել, քանի որ ցանկացած բանկ ոչ թե առանձին-առանձին կառավարում է վարկերի ու ավանդների տոկոսադրույքները, այլ այդ երկուսի տարբերությունը` մարժան: Բանկը` որպես բիզնես, նպատակ չունի բարձր տոկոսադրույքներով վարկեր տալ կամ ավանդներ ընդունել, այլ որոշակի խելամիտ մարժա ապահովել, որ շահութաբերություն ունենա: Այդ պարագայում, երբ վարկերի  տոկոսադրույքները նվազում են, ինչը նախորդ տարի արձանագրվեց, խելամիտ էր, որ ավանդների տոկոսադրույքներն էլ վերանայվեին: Ներկայում տոկոսադրույքների կայունացման միտում է առկա, ինչն էլ հիմք է տալիս ասել, որ ավանդների տոկոսադրույքներն էլ չեն փոփոխվի առաջիկա ամիսներին»,-ասաց Արման Բարսեղյանը:

Նրա տեղեկացմամբ` նախորդ տարի բանկը մանրածախ ժամկետային ավանդների 25 տոկոսանոց աճ է ապահովել, իսկ ցպահանջ ավանդների` ավելի 40 տոկոս աճ: Արման Բարսեղյանի խոսքով` ցպահանջ ավանդների աճի միտումը կարևոր ցուցանիշ է բանկի համար, քանի որ վկայում է իրենց աշխատանքի հանդեպ հաճախորդների վստահության մասին: «Եթե ժամկետային ավանդների պարագայում վճռական գործոններից մեկը տոկոսադրույքն է, ապա ցպահանջ ավանդները ցույց են տալիս, թե տվյալ բանկի սպասարկման որակն ու առաջարկը որքանով են գոհացնում սպառողներին»,-նկատեց բանկի տնօրինության անդամը:

Ամերիաբանկի հաճախորդների թվաքանակը 2017-ին աճել է 12 տոկոսով, տրամադրված վճարային քարտերի քանակը՝ 14 տոկոսով: Ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդները հաշվետու տարում աճել են ավելի քան 43 տոկոսով՝ տարեվերջին կազմելով 47 միլիարդ դրամ, իսկ ժամկետային ավանդներն աճել են 10 տոկոսով՝ կազմելով 134 միլիարդ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 31 տոկոսով և 2017-ի արդյունքներով կազմել 75 միլիարդ դրամ, այդ թվում՝ ՓՄՁ վարկերի գծով աճը կազմել է 26 տոկոս, իսկ պորտֆելը` շուրջ  17 միլիարդ դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]