Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մանկական բեսթսելեր 4/25. «Խորհրդավոր պարտեզը» ամենավաճառվածներից է

Մանկական բեսթսելեր 4/25. «Խորհրդավոր պարտեզը» ամենավաճառվածներից է

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և առաջատար է դարձել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ տեղը գրավել ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի հայտնի հեքիաթներից մեկը՝  «Կոշկավոր կատուն»: Այն գրվել է 17-րդ դարում, բայց մի քանի դար անց էլ սիրելի է երեխաների համար: Հեքիաթի հերոսը հոր մահից հետո կատու է ժառանգում, հարստության մեծ մասը հասնում է մեծ եղբայրներին: Պարզվում է, որ կոշկավոր կատուն հասարակ չորքոտանի չէ, այլ ճարպիկ և գործունյա ընկեր:

Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի հրաշալի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում, որը երրորդն է:

Չորրորդ հորիզոնականում է «Կարմիր գլխարկը» սիրված ստեղծագործությունը: Եվրոպական հեքիաթը փոքրիկ աղջկա և մեծ վատ գայլի մասին է։ Պատմությունը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել, և բազմաթիվ ժամանակակից տարբերակներ են երևան եկել։ Առաջին անգամ այն հրատարակել է Շառլ Պերոն:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը հինգերորդն է մեր ցանկում: Գրքում զետեղված են հեղինակի «Սուտասանը» և այլ հետաքրքրաշարժ ստեղծագործություններ:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն, որը ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ, վեցերորդն է:

Մեծերը փոքրիկների համար հաճախ են գնել նաև «Շաղգամը» գիրք-փազլը, ինչի արդյունքում այն հայտնվել է յոթերորդ հորիզոնականում: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Ռուսական մեկ հայտնի և սիրված «Ով է ապրում տնակում» հեքիաթը վերադարձել է մեր աղյուսակ՝ զբաղեցնելով ութերորդ հորիզոնականը:

Իններորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Գնդիկ Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր անալոգները շատ ժողովուրդների մոտ (անգլիական Ջոնի-փքաբլիթը և այլն): Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը: Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

 

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 124
2 Շառլ Պերո «Կոշկավոր կատուն» Բուկինիստ 124
3 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 119
4 Շառլ Պերո «Կարմիր գլխարկը» Բուկինիստ 104
5 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» Հաշ ընդ հաշ փրինթ 94
6 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 92
7 «Շաղգամը» Բուկինիստ 92
8 «Ո՞վ է ապրում տնակում» Բուկինիստ 90
9 «Բոքոնիկը»

Բուկինիստ 87
10 Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ  «Խորհրդավոր պարտեզը» Զանգակ 10

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]