Մանկական բեսթսելեր 4/25. «Խորհրդավոր պարտեզը» ամենավաճառվածներից է
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և առաջատար է դարձել «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ տեղը գրավել ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի հայտնի հեքիաթներից մեկը՝ «Կոշկավոր կատուն»: Այն գրվել է 17-րդ դարում, բայց մի քանի դար անց էլ սիրելի է երեխաների համար: Հեքիաթի հերոսը հոր մահից հետո կատու է ժառանգում, հարստության մեծ մասը հասնում է մեծ եղբայրներին: Պարզվում է, որ կոշկավոր կատուն հասարակ չորքոտանի չէ, այլ ճարպիկ և գործունյա ընկեր:
Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի հրաշալի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում, որը երրորդն է:
Չորրորդ հորիզոնականում է «Կարմիր գլխարկը» սիրված ստեղծագործությունը: Եվրոպական հեքիաթը փոքրիկ աղջկա և մեծ վատ գայլի մասին է։ Պատմությունը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել, և բազմաթիվ ժամանակակից տարբերակներ են երևան եկել։ Առաջին անգամ այն հրատարակել է Շառլ Պերոն:
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը հինգերորդն է մեր ցանկում: Գրքում զետեղված են հեղինակի «Սուտասանը» և այլ հետաքրքրաշարժ ստեղծագործություններ:
Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն, որը ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ, վեցերորդն է:
Մեծերը փոքրիկների համար հաճախ են գնել նաև «Շաղգամը» գիրք-փազլը, ինչի արդյունքում այն հայտնվել է յոթերորդ հորիզոնականում: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:
Ռուսական մեկ հայտնի և սիրված «Ով է ապրում տնակում» հեքիաթը վերադարձել է մեր աղյուսակ՝ զբաղեցնելով ութերորդ հորիզոնականը:
Իններորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Գնդիկ Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր անալոգները շատ ժողովուրդների մոտ (անգլիական Ջոնի-փքաբլիթը և այլն): Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը» գիրքը: Տասնամյա Մերի Լենոքսի ծնողները Հնդկաստանում բռնկված խոլերայի համաճարակի զոհ են դառնում: Աղջկան տեղափոխում են Անգլիա` Յորքշիր, և հանձնում հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամքին: Յորքշիրյան շքեղ, բայց մռայլ կալվածքում կան բազմաթիվ փակ դռներ, խորհրդավոր արգելված վայրեր ու գաղտնիքներ, որոնք Մերին բացահայտում է իր անհանգիստ բնավորության ու աղջկական հետաքրքրասիրության շնորհիվ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 124 | |
2 | Շառլ Պերո «Կոշկավոր կատուն» | Բուկինիստ | 124 | |
3 | «Հեքիաթներ տղաների համար» | Բուկինիստ | 119 | |
4 | Շառլ Պերո «Կարմիր գլխարկը» | Բուկինիստ | 104 | |
5 | Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | Հաշ ընդ հաշ փրինթ | 94 | |
6 | «Հեքիաթներ քնելուց առաջ» | Բուկինիստ | 92 | |
7 | «Շաղգամը» | Բուկինիստ | 92 | |
8 | «Ո՞վ է ապրում տնակում» | Բուկինիստ | 90 | |
9 | «Բոքոնիկը» |
Բուկինիստ | 87 | |
10 | Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ «Խորհրդավոր պարտեզը» | Զանգակ | 10 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում