Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումը տարբեր ոլորտներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկն ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունն է: Այդ առումով Կարեն Կարապետյանը ողջունել է Լիոնի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ քաղաքաշինության, տնտեսական համագործակցության և զբոսաշրջության ոլորտներում: «Հուսով եմ՝ այս օրերին առիթ ունեցել եք ավելի լավ ծանոթանալու Հայաստանում ներդրումներ անելու առավելություններին: Ֆրանսիական, այդ թվում՝ Լիոնի ընկերությունները, կարող են օգտվել մեր երկրում ձևավորված բարենպաստ ներդրումային միջավայրից, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի և Իրանի հետ ունեցած արտոնյալ ռեժիմներից»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ Լիոնի բիզնեսը կմասնակցի աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք գործարար համաժողովին: Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապրիլի 19-ից Երևան-Լիոն ուղղիղ չվերթի գործարկումը լայն հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության զարգացման համար: 
Ժորժ Կեպենեկյանը վարչապետին է ներկայացրել Երևանի հետ համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները և նշել. «Մենք պատրաստ ենք երկու քաղաքների միջև բացել համագործակցության նոր՝ առարկայական ու պրագմատիկ էջ»,- ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ ավելացնելով, որ այցի ընթացքում քննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության 2018-2020 թվականների ծրագիրը, այդ թվում՝ տնտեսության, զբոսաշրջության, կրթության, նորարարության և այլ ոլորտներում: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ