Լևոն Ալթունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ (Գևորգ) Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը։
Շնորհավորելով Լիոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ` նախարարը պատրաստակամություն է հայտնել Լիոն քաղաքի հետ ավանդական բարեկամության հիմքի վրա սերտացնելու առողջապահության ոլորտում համագործակցությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Գևորգ Քեփենեկյանը վերհիշել է դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Հայաստան կատարած բազմաթիվ այցերը, առողջապահության ոլորտին ցուցաբերած աջակցությունը։
Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտում վերջին մեկ ու կես տարում իրականացվող բարեփոխումները` Լևոն Ալթունյանը մասնավորապես անդրադարձել է էլեկտրոնային առողջապահական միասնական համակարգի ներդրման, օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման և ներդրման, ֆինանսավորման կատարելագործման, բժշկական պարտադիր ապահովագրական համակարգին անցնելու նախապայմաններ ստեղծելու և այլ ծրագրերի ընթացքին։
Լիոնի քաղաքապետը և պատվիրակության անդամները ներկայացրել են Ֆրանսիայում և Լիոնում առողջապահական, գիտաբժշկական և կրթական ոլորտի նորարարական ձեռքբերումները։
Այնուհետև քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում