Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային կինոկենտրոնն իր գործունեությունը նոր կառուցվածքով կշարունակի

Ազգային կինոկենտրոնն իր գործունեությունը նոր կառուցվածքով կշարունակի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնում, որն այսուհետ չի զբաղվելու ստեղծագործական գործունեությամբ, մի շարք կառուցվածքային փոփոխություններ են իրականացվելու: Այդ մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։

«Կինոկենտրոնն ունի տնօրեն, երկու տեղակալ, ֆիլմ-հանձնակատար կամ ֆիլմ-հանձնաժողով: Կինոկենտրոնի բոլոր գործառույթները բաժանված են նրանց միջև և նպատակը Հայաստանում կինոարտադրությունը զարգացնելը և այն աշխարհում տարածելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի տեղակալներից մեկը զբաղվելու է ֆինանսական, անձնակազմի  կառավարման հարցերով: Մյուսը կկենտրոնանա արտադրական, մարքեթինգի, իրավաբանական, արխիվի բաժինների վրա:

Ֆիլմ-հանձնաժողովի մեջ ներառվել է չորս բաժին` արտաքին կապերի բաժին, աջակցման կենտրոն, դիստրիբյուցիայի կենտրոն և համատեղ ֆիլմարտադրության կենտրոն:

Արտաքին կապերի բաժնում կաշխատի երկու մասնագետ: Մեկը կենտրոնանում է միջազգային փառատոնների վրա և զբաղվում է կազմակերպչական այլ գործընթացներով երկրի ներսում և դրանից դուրս: Մյուսը միջոցառումներ է իրականացնելու ֆիլմի տարածման և ճանաչման նպատակով:

Համատեղ ֆիլմարտադրության մասնագետն աջակցում է տեղական կինոարտադրողներին արտերկրում համատեղ արտադրող գտնելու հարցով:

Աջակցման կենտրոնը կօգնի տեղական կինոարտադրողներին իրենց ֆիլմերը ճիշտ ներկայացնելու, դրանք մատուցելու և այլ հարցերում:

Կգործի նաև նախագծի զարգացման և ստեղծման բաժին, որը կապված է ֆիլմերի բյուջեների հետ: «Երբ ներկայացվում են նախահաշիվները, բոլոր կինոնկարների ծախսերը նախահաշվում պետք է լինեն: Կա համաշխարհային ստանդարտ բյուջեների ստեղծման համար, որին կինոարտադրողները պետք է հետևեն: Նախագծի զարգացման բաժինը բիզնես պլանն է, այսպես ասած, առաջխաղացման ծրագիրը»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Դիստրիբյուցիայում կա երկու մասնագետ: Նրանցից մեկը զբաղվելու է ներքին, իսկ մյուսը` արտաքին դիստրիբյուցիայով: Առաջինը կենտրոնանում է Հայաստանում գործող բոլոր կինոցանցերի աջակցման վրա: Իսկ արտաքինն օգնում է կապեր հաստատել համաշխարհային վաճառքի գործակալների հետ, որոնք նախագծեր են փնտրում դրանց և դիստրիբյուցիայով զբաղվելու համար:

Ազգային կինոկենտրոնում կգործի նաև կրթական ծրագիր: «Այն կարևոր է, քանի որ կինոարտադրությամբ զբաղվող որոշ մասնագետների պակաս կա Հայաստանում: Ծրագիրը կօգնի նոր մասնագետներ գտնել, կրթել նրանց: Կարծում եմ, նրանք համապատասխան կլինեն համաշխարհային ստանդարտներին և կդառնան լավագույններն իրենց ոլորտներում: Կանցկացվեն նաև վարպետության դասընթացներ: Կրթական ծրագիրը կտևի 3-6 ամիս»,-եզրափակեց Արսեն Բաղդասարյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]