Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Գողացված ու գտնված «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը հատուկ ցուցադրությամբ կներկայացվի արվեստասերներին


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանճարեղ նկարիչ, ռուսական մոդեռնի նախահայր Միխայիլ Վրուբելի` գողացված «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Հայաստանում է, շուտով հատուկ ցուցադրությամբ այն կներկայացվի արվեստասերներին: 1995 թ. Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) գողացվել էր նկարչի այս ստեղծագործությունը:  22 տարի միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին: Այն բավական անմխիթար վիճակում էր, մասնատված էր բազմաթիվ կտորների, կորցրել էր գույնը: Անհրաժեշտություն կար ոչ միայն հավաքել նկարի մասերը, այլև վերականգնել դրա ամբողջականությունը: Ահա այս բավական բարդ և պատասխանատու աշխատանքը ստանձնեց Մոսկվայի  Տրետյակովյան պատկերասրահը`  վերականգնող մասնագետ Իննա Սոլովովայի անմիջական ղեկավարությամբ:

2017 թ. նոյեմբերի 15-ին Մոսկվայում, Ռուսաստանում Հայաստանի օրերի շրջանակում, Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գեղանկարն արդեն վերականգնված վիճակում հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ստեղծագործությունը Հայաստան բերվելուց հետո վերադարձվել է հասցեատիրոջը` Ռուսական արվեստի թանգարանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը կիսեց իր մտորումները վերականգնված նկարի մասին:

«Առաջին անգամ, երբ լսեցինք նկարի  գտնվելու լուրը, թանգարանի աշխատակիցների շրջանում մեծ ոգևորություն առաջացավ, շատ հուզված էինք: Մեր ուրախությունը կրկնապատկվեց, երբ նկարը վերադարձվեց թանգարանին: Իսկապես մեզ համար շատ կարևոր իրադարձություն էր»,-ասաց Մարինե Մկրտչյանը:

Անդրադառնալով  վերականգնման աշխատանքներին` նա նշեց, որ այն կատարվել է մասնագիտական բարձր վարպետությամբ:

«Պատահական չէ, որ վերականգնումը մենք անվանում ենք վերածնունդ: Աշխատանքը կտոր-կտոր հավաքվել է: Մենք մանրամասն ներկայացնելու ենք այդ ընթացքը ևս: Կարծում եմ, որ այցելուներին կհետաքրքի, թե ինչպես է տեղի ունեցել վերականգնման գործընթացը: Շատ շնորհակալ ենք այս կարևոր, մանրակրկիտ աշխատանքի համար: Սա թանգարանների միջև համագործակցության լավագույն օրինակ է»,- ասաց տնօրենը:

Նկարը թանգարանին վերադարձնելուց հետո, տնօրենի գլխավորությամբ, աշխատակազմը սկսեց մտածել այն արվեստասերներին հավուր պատշաճի ներկայացնելու ծրագիր, որը գրվեց և ներկայացվեց ՀՀ մշակույթի նախարարին: Հավանության արժանանալուց հետո այն իրականացվեց  նախարարության անմիջական աջակցությամբ: 

Արդյունքում սպասվում է  «Գողացված «Վրուբելի» վերադարձը» խորագրով միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը կտրվի մարտի 14-ին մամուլի ասուլիսով, այնուհետև մարտի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ նախատեսված է «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացում: Ներկայացման մեջ  մեկտեղված են հատվածներ Մ. Լերմոնտովի «Դևը» պոեմից և Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայից, որոնք  համեմված են պոեմի՝ վերը նշված վրուբելյան նկարազարդումներով` մատուցված ժամանակակից անիմացիոն լուծումներով:  Ներկա է լինելու վերականգնող մասնագետ Իննա Սոլովովան:

Մարտի 20-ին Ռուսական արվեստի թանգարանում կբացվի «Գողացված «Վրուբելի»  վերադարձը» ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներկայացնում է «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման, ինչպես նաև դրա մերօրյա պատմությունը: 

«Ցուցահանդեսում  օգտագործելու են  ձևավորման հատուկ լուծումներ, իսկ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն այն դարձնելու են ավելի ինտերակտիվ: Բացմանը հրավիրված են արվեստագետներ, հասարակական գործիչներ, դիվանագետներ:  Ցուցահանդեսը կգործի  մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը»,-ասաց Մարինե Մկրտչյանը։

«Գողացված «Վրուբելի»  վերադարձը» միջոցառումների շրջանակում նկարահանվել է փաստավավերագրական  ֆիլմ և գեղարվեստական տեսահոլովակ։ Նկարի թեմայով թողարկվել են բազմատեսակ հուշանվերներ։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և աջակցությամբ: 

Ծրագրի գործընկերներն են մի շարք մշակութային և կորպորատիվ կազմակերպություններ՝«Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ Թանգարան»: «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ Հայաստան», ՎՏԲ - Հայաստան Բանկ, Ռուսական մշակույթի և գիտության կենտրոն Երևանում և այլք։

2017 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը այցելել են Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը մեկնարկել է մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսով: Միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել 1995 թվականին Հայաստանից գողացված մեծանուն նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը: Հայաստանին այդ ստեղծագործությունը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին ՌԴ նախագահը հայտնել էր դեռևս ս.թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Աննա Գզիրյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ