Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Հայաստանում մեկնարկում են «Ֆրանկոֆոնիայի օրերը» խորագրով մշակութային միջոցառումները

Հայաստանում մեկնարկում են «Ֆրանկոֆոնիայի օրերը» խորագրով մշակութային 
միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբեր ամսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կանցկացնի «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիր»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժոնաթան Լաքոտը: Ծրագիրը կմեկնարկի մարտի 12-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 12-ը՝ իր մեջ ներառելով նաեւ  Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը մարտի 20-ը:

Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով:

«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի դերի ամրապնդման հարցում.  լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3-րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4-րդ լեզուն, աշխարհում խոսվող 5-րդ լեզուն, եւ միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում»,- ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը՝  տեղեկացնելով նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի և  խոհանոցի միջոցով:

«Ծրագիրը կմեկնարկի մարտի 12-ից 18-ը Մոսկվա կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության և Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնով։ Մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը « Et en plus je parle français…en Arménie ! » (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում) տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի  մարտի 20-ին»,-տեղեկացրեց Ժոնաթան Լաքոտը:

2018 թվականի մարտի 24-ին Հայկական Ալիանս ֆրանսեզը նաեւ կկազմակերպի ֆրանսերենի գրավոր մրցույթ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների, Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան Բարեգործական միության (ԿԱԶԱ), SPFA բարեգործական կազմակերպության, Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան Բարեգործական միության (ԿԱԶԱ), Ֆրանկոֆոն թվային կամպուս/Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) հետ համագործակցությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 13-ից 25 տարեկան պատանիներ և երիտասարդներ՝ դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդ ակտիվիստներ:  Մարտի 30-ին եւ 31-ին Գյումրին կհյուրընկալի Հայաստանում Պատանի ֆրանկոֆոնների թատերական ազգային 2-րդ՝ «10-ից 10» փառատոնը: Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն Ժյուլ Մասնեի Մանոն օպերայով, որը կներկայացվի ֆրանսերեն տարբերակով  ապրիլի 11-ին և 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ