Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ծիծեռնակաբերդի բարձունքում հանդիսավորությամբ երդվեցին պատանի երկրապահները


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծիծեռնակաբերդի բարձունքում մարտի 5-ին հանդիսավոր կերպով երդվեց 6 հազար պատանի կամավոր երկրապահ:  Պատանի երկրապահներին շնորհավորելու էին եկել ավագ երկրապահները, հասարակական քաղաքական գործիչներ: Հանդիսավոր միջոցառմանը ներկայացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների երդման առթիվ:

«Երկրապահ կամավորականների միության հարգարժան անդամներ և հյուրեր, «Պատանի երկրապահ» կառույցի սիրելի նորագիր անդամներ,  ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանդիսավոր երդման կապակցությամբ: Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք: Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը և Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները: Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ և պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն և պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի և արձանագրեք նորանոր հաջողություններ»,-ասված է նախագահի ուղերձում:

Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն  իր ելույթում նշեց, որ այս օրը կրկնակի տոն է, որովհետև Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է և պատանի երկրապահների երդման արարողությունը:

«Երկրապահ կամավորների միությունը պատվով շարունակում է Սպարապետի գործը և այսօր երկրապահ կամավորների միության անդամների թիվը 70 հազարից անցնում է: Նրանցից 28 հազարը միայն պատանիներն են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանվել Գրիգորյանը:

Պատանի երկրապահների երդման արարողությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի մարզերում:  

Իսկ առավոտյան Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ անցկացվել է պատանի երկրապահների օրհնության կարգ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ