Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եռաչափ տպիչով շախմատի քարեր, առանց ստեղների դաշնամուր. «Արմաթ»-ի սաները սեփական արտադրանքն ունեն

Եռաչափ տպիչով շախմատի քարեր, առանց ստեղների դաշնամուր. «Արմաթ»-ի սաները 
սեփական արտադրանքն ունեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք Հայաստանի ու Արցախի ավելի քան 5 հազար դպրոցականի են միավորում,  գիտելիք սպառողից վերածվել են փոքրիկ արտադրողների՝ երբեմն ապահովելով նաև ինքնաբավություն։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Սևանի, Վարդենիսի, Թալինի, Վեդու դպրոցներում գործող լաբորատորիաների սաների և խմբակավարների համատեղ նախագծերը։

«Ընդունվում է կախազարդի  պատվեր» նախագծում են աշակերտները, արտադրում է՝ հայկական եռաչափ տպիչը

Սևանի  «Արմաթ» լաբորատորիայում պատրաստում և վաճառում են մեքենայի պետհամարանիշներով, անվանական, ինչպես նաև տարբեր թեմատիկայով կախազարդեր։ Ավելի քան 40 աշակերտ ունեցող խմբակում ձեռք բերված հմտություններով դպրոցականները մոդելավորում են իրականացնում և հայկական արտադրության եռաչափ տպիչի օգնությամբ ստանում են արտադրանքը։ Դրա վաճառքից ստացված հասույթն ուղղում են լցանյութի ձեռքբերմանը։

«Շուկայի պահանջարկն էլ ենք հաշվի առնում, ընդունում ենք պատվերներ, ծրագրով պատկերը պատրաստում ենք, արտանկարում ու տպում։ Փորձում ենք լուծել ինքնաբավության խնդիր, վաճառքից ստացված գումարներն ուղղում ենք լցանյութերի ձեռքբերմանը»,-պատմում է խմբակավար Հասմիկ Առաքելյանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ հիմնական աշխատանքով զբաղվում են տղաները, աղջիկներն էլ ձևավորումն են ապահովում։ Կան աշակերտներ, ովքեր ձեռք են բերել եռաչափ տպիչ, լազերային հաստոց ու սեփական բիզնես պլանով աշխատում են։

Հասմիկ Առաքելյանի տեղեկացմամբ՝ աշակերտներից շատերն են հակված կրթությունը ծրագրավորման, ճարտարագիտության ուղղություններով շարունակելու։

Շախմատի քարեր և ամանորյա զարդարանքներ՝ CNC շաղափային հաստոցով

Վարդենիսի թիվ 2 դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում էլ 12-13 տարեկան աշակերտները Փղիկ-փազլ են ստեղծել, որը ինտելեկտուալ խաղ է փոքրերի համար։ Փազլի յուրաքանչյուր մասնիկ անգլերենի այբուբենի մի տառն է պատկերում, երեխան, փազլը հավաքելով, յուրացնում է նաև անգլերենի տառերը։ «Գծագիրն ամբողջությամբ ստեղծում են երեխաները, ապա CNC շաղափային հաստոցով այն տպվում է: Երկու գործողություն պետք է կատարես՝ նախ փազլի յուրաքանչյուր հատվածի վրա այբուբենի ամեն տառն ես գծագրում, ապա փազլի եզրագծերով այն կտրում»,-աշակերտների կատարած աշխատանքը նկարագրում է խմբակավար Մերի Բարսեղյանը։ Խմբակի սաները Նոր տարվա ձմեռ պապիկ և ամանորյա դետալներ նախագծելու և հաստոցով արտադրելու փորձ էլ ունեն։ Նաև շախմատի քարեր են տպել։ Շուրջ 60 աշակերտ է հաճախում խմբակ, ուսուցչի խոսքով, հիմնականում տղաներն են հետաքրքրված։

Լրացված իրականության (AR) հավելված` 14-ամյա դպրոցականի կողմից

Թալինի «Արմաթ» լաբորատորիայի սան 14-ամյա Արման Բարսեղյանը հիմնադրել է Zoomar լրացված իրականության (AR) հավելվածը՝ համագործակցելով տարիքակից ընկերոջ՝ Վիգեն Խաչատրյանի հետ։ Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում, շուտով պատրաստ կլինի նաև iOS տարբերակը։ «Հավելվածը ստեղծել ենք ժամանցային և կրթական նպատակով: Ծրագրի էությունը նրանում է, որ ժամանցային ու մանկական գրքերի էջերը համալրում ենք լրացված իրականությամբ, որի մեջ կան ինտերակտիվ անիմացիաներով եռաչափ մոդելներ»,-նկարագրեց հավելվածի համահիմնադիրը։ Նրա խոսքով՝ պատվերներ են ստանում կազմակերպություններից և կենդանացնում նրանց պաստառները։ Նպատակ ունեն նաև ներդրում ունենալ կրթական գործընթացների բարելավման հարցում։   «Հետագայում ցանկանում ենք կրթության մեջ բարեփոխում իրականացնել․ կենսաբանության, ֆիզիկայի գրքերի էջերը ևս ներառենք մեր հավելվածում և դրանք ներկայացնենք լրացված իրականությամբ։ Նախատեսում ենք առաջարկ ներկայացնել Կրթության և գիտության նախարարություն»,-ասաց 14-ամյա պատանին։

Արմանը որոշել է դառնալ ծրագրավորող, զբաղվել եռաչափ մոդելավորմամբ և հետագայում խորանալ վիրտուալ և լրացված իրականության (VR), (AR) տեխնոլոգիաներով հավելվածներ ստեղծելու մեջ։ Արդեն հասցրել է ստանալ մի քանի աշխատանքի առաջարկություն, բայց դեռևս ցանկանում է խորացնել գիտելիքները, հետո արդեն անցնել մասնագիտական գործունեության։

Առանց ստեղների դաշնամուրի գաղափարը միավորեց «Արմաթ»-ի և ռադիոինժեներական լաբորատորիայի սաներին

Վեդու «Արմաթ» ինժեներական խմբակի աշակերտները նույն քաղաքի Գեղարվեստի դպրոցի ռադիոինժեներական լաբորատորայի սաների հետ միավորել են ուժերն ու ստեղծել առանց ստեղների դաշնամուր։ Այն յուրահատուկ դիզայնով արկղ է, որը ձեռքերի շարժումից արձակում է նոտաներ՝ կախված ձեռքի դիրքից և տեղակայումից։ Աշխատում է դաշնամուրի սկզբունքով ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ։ Դաշնամուրն Ամանորին զարդարել է Վեդի քաղաքի տոնական հրապարակն, այնուհետև տեղափոխվել «Վեդու բժշկական կենտրոն»։

«Երբ որևէ գաղափար կա, աշակերտների հետ այն դնում ենք քննարկման և այն երեխաները, ովքեր շատ ավելի շահագրգռված են լինում, իրենց հանձնարարում եմ մշակել փոքր բիզնես ծրագիր։ Այդպիսով հասկանում եմ, թե ով կարող է դառնալ թիմի ղեկավար: Նույն ձևով դաշնամուրը արեցինք, «Արմաթի» և ռադիոինժեներական լաբորատորիայի երկու տղաները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը, գաղափարը ներկայացրինք Օսմ հիմնադրամ, շահեցինք: Տղաները ստացան վեց հոգանոց թիմ ձևավորելու առաջադրանք, ապա գաղափարը կյանքի կոչեցին»,-պատմեց խմբակավար Օրբել Խաչատրյանը։

Ռադիոտեխնիկայի գաղափարն ընկալելու, հետո արդեն ծրագրավորման հիմունքներին անցնելու նպատակով պարզ կոնստրուկտորների հետ լաբորատոր աշխատանքի արդյունքում աշակերտները հղացել են գաղափարը։ Հասկացել են, որ «նյարդեր սղոցող» ազդանշանը կարող են փոխարինել ականջահաճո նոտաներով ու ստանալ դաշնամուր, որը կառավարվում է սենսորի միջոցով։

Առանց ստեղների դաշնամուր ստեղծելու գաղափարը, մարզչի խոսքով, գյուտ է, որն աշակերտները ոչ մի կերպ չեն ընդունում, նրանց կարծիքով՝ կատարել են հասարակ առաջադրանք։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ցանցը հիմնվել և օրեցօր սահմանները ընդլայնում է 2014 թվականից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Նպատակն անվճար ինժեներական կրթության պայմաններ ապահովելն է յուրաքանչյուր դպրոցականի համար: Դպրոցականներն «Արմաթ»-ում սովորում են ռոբոտաշինության և ծրագրավորման հիմունքներ, կիրառում հայկական արտադրության «Աղվես», «Կրիա» ծրագրեր, Գորիսում արտադրված եռաչափ տպիչ, շաղափային CNC հաստոց, «ՍԵՌՈԲ» ռոբոտի հավաքածու, Այգեստան Գ Մինի համակարգիչներ, Նաիրի օպերացիոն համակարգ։ «Արմաթ» ցանցն ընդհանուր առմամբ ունի 220-ից ավելի լաբորատորիաներ ՀՀ տարածքում և Արցախում՝ միավորելով շուրջ 5000 դպրոցականի: Արցախում ինժեներական լաբորատորիաներ են գործում Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Քարվաճառում, Բերձորում, Վուրգավանում, Նորաշենում, որտեղ սովորում է ավելի քան 150 դպրոցական։

ԻՏՁՄ-ն ծրագրում է «Արմաթ» ստեղծել Հայաստանի բոլոր դպրոցներում. այն դպրոցների աշակերտները, որտեղ դեռևս լաբորատորիա չկա և ովքեր ցանկանում են «Արմաթ»-ում սովորել կարող են անվճար հաճախել հարակից բնակավայրի «Արմաթ» լաբորատորիա: Անհրաժեշտ է փնտրել դպրոցը armath.am կայքում և կապ հաստատել խմբավարի կամ կազմակերպիչների հետ:

ԻՏՁՄ-ն աշխատում է նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն արտահանելու ուղղությամբ։ Հուշագիր է ստորագրվել Հնդկաստանի մի շարք դպրոցներում լաբորատորիաների հիմնադրման նպատակով։ Միությունը բանակցություններ է վարում Եթովպիայի, Ուգանդայի դպրոցներում ևս ծրագիրը ներդնելու ուղղությամբ։

Պատրաստեց Անի Նազարյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]