Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խոր Վիրապ վանքի հարևանությամբ կստեղծվի գյուղատնտեսական զբոսաշրջային կենտրոն. Արարատի մարզպետի հարցազրույցը

Խոր Վիրապ վանքի հարևանությամբ կստեղծվի գյուղատնտեսական զբոսաշրջային 
կենտրոն. Արարատի մարզպետի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի արդյունաբերության ոլորտում ընթացիկ տարում մասնավոր հատվածի կողմից իրականացվելու են 3 մլրդ 109 մլն դրամի աշխատանքներ, որոնց շնորհիվ մարզում կստեղծվի  շուրջ 500 աշխատատեղ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը` ներկայացնելով ընթացիկ տարվա ծրագրերը:

-Պարոն Գրիգորյան, 2017 թվականն ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր Արարատի մարզի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-2017թ-ին և մարզպետարանի կողմից իրականացված նախաձեռնությունների ու ծրագրերի շնորհիվ մենք արձանագրել ենք մի շարք ձեռքբերումներ։ Հարկ եմ համարում նշել, որ 2017թ․ գրեթե բոլոր բնագավառներում Արարատի մարզը հանրապետությունում ճանաչվել է առաջինը՝ շնորհիվ  ՀՀ  կառավարության, մարզպետարանի, համայնքների ղեկավարների և հանրապետական գործադիր մարմինների համատեղ ու  համաձայնեցված գործողությունների։ Մասնավորապես՝  տարեսկզբին  մարզպետարանի աջակցությամբ կազմվել են համայնքների զարգացման  հնգամյա ծրագրերը, առաջինը ՀՀ-ում նախաձեռնել և ստեղծել ենք «Համայնքների էլեկտրոնային անձնագիրը», որն ամբողջական տեղեկատվություն է պարունակում տվյալ համայնքի  մասին և հնարավորություն  ընձեռում եռամսյակը մեկ թարմացնել առկա բազան, որը հնարավոր ներդրողներին հնարավորություն կտա ծանոթանալով համայնքի կարողություններին՝ ներդրումներ կատարել։ Համայնքների բյուջեների հավաքագրման գործընթացը ևս մեր մարզում  ընթացել է սահուն, հատկապես  սեփական եկամուտների հավաքագրման մասով ունեցել ենք 106․5 տոկոս կատարողական, որն ամենաբարձր ցուցանիշն է  բոլոր մարզերի  հետ համեմատականում։

Մարզպետարանի կողմից արձանագրած հաջողությունների  թվին է պատկանում       նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում  շուրջ 217 աղբավայրերի մաքրման փաստը, որի շնորհիվ ևս մարզը հանրապետությունում ճանաչվել է ամենամաքուրը։

Անդրադառնալով քաղաքաշինությանը՝  պետք է շեշտեմ, որ այս ոլորտում ևս իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ։ Արարատի մարզին հատկացված շուրջ 550 մլն դրամ գումարից տնտեսվել է 124 մլն-ը։ 2017թ․ մեկնարկել են Վեդու ջրամբարի, Արտաշատի բժշկական կենտրոնի շինարարությունը, Խարբերդի միջնակարգ դպրոցի կառուցումը, Զոդի Բանավանի ներքին դրենաժային համակարգի շինարարությունը, որը տարիներ շարունակ անլուծելի էր:

Առանց ցնցումների  ու բնականոն կերպով է ընթացել նաև խաղողի մթերման գործընթացը, և, առանց խոչընդոտների խաղողի իրացման գործընթացի հետ մեկտեղ,  տարեվերջին ՀՀ կառավարության  աջակցության շնորհիվ հնարավոր եղավ  լուծել Քաղցրաշենի «Վինար» ընկերության կողմից խաղողագործներին տրվելիք և  տարիների  ընթացքում կուտակված պարտքի մարման խնդիրը։

-2018թ համար որո՞նք են մարզպետարանի առաջնահերթությունները։ Ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։

-Արարատի մարզի  2017-2025 թթ․ զարգացման ռազմավարության շրջանակներում սահմանվել են  3 հիմնական  նպատակներ, որոնք վերաբերում են՝   առաջինը՝  տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատման միջոցով Արարատի մարզում 20 տոկոս տնտեսական աճի ապահովմանը, երկրորդը՝  ներդրումների ուղղորդման միջոցով Արարատի մարզի թույլ զարգացած տարածքների անհամաչափությունների 10 տոկոսով նվազեցմանը, երրորդը՝ մարզային և տեղական դերակատարների ակտիվության բարձրացման և մարդկային կապիտալի կառավարման հմտությունների բարելավմանը։

Սահմանված 3 նպատակներին հասնելու համար մենք որպես գերակա ուղղություններ ենք ընտրել արդյունաբերությունը, շեշտը դնել փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա, ու ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը` մարզի գյուղատնտեսության ոլորտի արդիականացում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ: Առաջնահերթությունների թվին են պատկանում նաև մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում գտնվող համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի իրականացման գործընթացները, որոնք պարբերաբար թարմացվում են և  ըստ անհրաժեշտության՝ լրամշակվում։

-Մարզում գործազրկության մակարդակն ինչպե՞ս կգնահատեք։ Ի՞նչ ցուցանիշներ կներկայացնեք:

-Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցությունը, կենսամակարդակի   կայուն աճը և աղքատության դեմ ուղղված պայքարը մնում են ՀՀ կառավարության գործունեության համար գերակա և հրատապ ուղղություններ։ Մարզի զարգացման  ռազմավարության ծրագիրը (ՄԶՌ) նպատակ  է  հետապնդում   բացահայտել աղքատությունը  պայմանավորող հիմնական գործոնները, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խոչընդոտներն ու դրանց հիման վրա նախանշել աղքատության հաղթահարման ռազմավարությունն ու համապատասխան միջոցառումները։ Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ Արարատի մարզում շարունակում են լուծում ստանալ աղքատության մի շարք խնդիրներ և նախանշվել այն գերակա ոլորտները, որոնց կայուն զարգացումն էապես նպաստելու է եկամտային և մարդկային աղքատության հաղթահարմանը ՓՄՁ և մասնավոր հատվածի զարգացման, սոցիալական ծառայությունների մատչելիության ու  որակի բարձրացման, գյուղատնտեսության  ու արդյունաբերության զարգացման, բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման և այլ ծրագրերի իրականացման միջոցով։

-Այս տարվա ընթացքում ի՞նչ ներդրումային ծրագրեր են նախանշվում, որոնք այս կամ այն կերպ կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը։ Ընդհանուր առմամբ, Արարատի մարզի համար տնտեսական զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։

- 2018թ․  մարզի ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման և տնտեսության աճի ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների և համայնքային բյուջեների հաշվին իրականացվելու են շուրջ 34 մլրդ  դրամի աշխատանքներ և միջոցառումներ։ Արդյունաբերության ոլորտում՝ մասնավոր հատվածի կողմից, իրականացվելու են 3 մլրդ 109 մլն դրամի աշխատանքներ, որոնց շնորհիվ մարզում կստեղծվի  շուրջ 500 աշխատատեղ։ Աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության  զարգացմանն ուղղված ծրագրերից են «Ավշարի պահածոների գործարանի», «Արարատ Գրուպ» զովացուցիչ ջրերի գործարանների  արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրերը, Արարատի գինու գործարանում հնեցման արտադրամասի և Արալեզ գյուղում համակցված կերերի արտադրության կազմակերպման ծրագրերը, Երասխ համայնքում «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա  կաթիլային համակարգի ներդրումը և  այլն։

«AFFA» հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում կառուցվում է ընտանեկան մարզական համալիր, երիտասարդական կենտրոն, վերանորոգվում է Նոր Կյուրինի մանկապարտեզը, ինչպես նաև  Մասիսում  հանգստի գոտիների կառուցման աշխատանքների հետ մեկտեղ վերոհիշյալ հիմնադրամի միջոցներով նախատեսվում է Խոսրովի արգելոցի հարակից տարածքներում անտառի հիմնման ծրագրերի իրականացում։

-Պարոն Գրիգորյան, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ։ Այս տեսանկյունից Արարատի մարզում ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և ընթացիկ տարում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված։

-Աղբահանության գործընթացը կանոնակարգված և օպերատիվ կազմակերպելու համար 2018թ․ նախատեսել ենք համայնքների բյուջեների մուտքային մասում աղբահանության տարեկան վճարներ սահմանել։

Արարատի մարզում տարեսկզբին գույքագրվել է 260 աղբավայր, որոնցից վերացվել է 217-ը։  Մնացած 43-ն՝  առանձնապես խոշոր աղբավայրերից, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, նախատեսվում է փակել 24-ը, ինչն, ըստ համայնքների կողմից ներկայացված տվյալների, կպահանջի շուրջ   1․5 մլրդ դրամի ներդրում։

Նախատեսվել է նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով, 10 մլն․ դրամի սահմաններում, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում  մարզի 4 քաղաքային համայնքների համար ձեռք բերել  աղբամաններ։

-Վերջին շրջանում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում զբոսաշրջության զարգացմանը, այս համատեքստում տարբեր մարզերում ակտիվության ապահովմանը։ Արարատի մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Ի՞նչ աշխատանքներ են նախատեսված ընթացիկ տարում։

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատի մարզը հարուստ է պատմամշակութային և բնական հուշարձաններով, ինչպես նաև մարզի տարածքով է անցնում Երևան-Գորիս զբոսաշրջային երթուղին, զբոսաշրջության զարգացման նպատակով կարևորվում է Երևան-Երասխ ավտոմայրուղու Երասխի հատվածում միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան հանգստի գոտու ստեղծումը։ Մարզպետարանն  առաջարկություն է  ներկայացրել  Խոր Վիրապ վանքի հարևանությամբ 1 հա տարածքի վրա գյուղատնտեսական զբոսաշրջային կենտրոնի ստեղծման  վերաբերյալ։ Կենտրոնի գրավչության շնորհիվ զբոսաշրջիկները կանգ կառնեն այստեղ, կծանոթանան հայկական մշակույթին․  կդիտեն այնտեղ ներկայացված  ձեռագործ արվեստի ու արհեստի նմուշները՝  նաև այդ կերպ ամբողջացնելով պատկերացումը Հայաստանի մասին։  Բացի այդ, զբոսաշրջիկները ականատես կլինեն, թե ինչպես են ստանում  գինին  ու, ցանկության դեպքում,   անձամբ կմասնակցեն գինու պատրաստմանը։  Հետագա ֆինանսավորման դեպքում, ըստ մեր ներկայացրած ծրագրի, կենտրոնի  զբոսաշրջային  ցանցը կամբողջացվի  գիշերելու համար նախատեսված  օթյակներով։ Մարզպետարանի կողմից առաջարկվել է նաև  ճանապարհների եզրերին տեղակայել  բնակավայրերի առկայության մասին փաստող ցուցանակներ։

 Այս տարի ասֆալտապատվել է դեպի Հին Դվին տանող գլխավոր ճանապարհը, որ գտնվում է Հնաբերդ համայնքի տարածքում։ Ասֆալտապատումն իրականացվել է նաև զբոսաշրջային գրավչության տեսանկյունից, ինչը հեշտացնելու և հարմարավետ է դարձնելու քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հնավայր հասնելն ու  հարուստ պատմամշակութային արժեքներին ծանոթանալը։ Ի դեպ, Դվինի հնավայրը լիարժեք պատմամշակութային կենտրոն դարձնելու ուղղությամբ  ունենք մի շարք պայմանավորվածություններ: Անցյալի տարի Հնաբերդ համայնքում անցկացված և զբոսաշրջիկների ու քաղաքացիների մեծ հոսք ապահոված «Տոլմայի» փառատոնի շրջանակներում ունեցած հաջողությունից հետո նախատեսել ենք  փառատոնը դարձնել ամենամյա՝ անցկացնելով այն ամեն տարի գարնանը։

-Պարոն մարզպետ, հաճախ զբոսաշրջիկներից, տուրիստական ընկերություններից դժգոհություններ ենք լսում ճանապարհների, հատկապես միջհամայնքայինների ոչ բարվոք վիճակի մասին։ Այս տարի ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք պլանավորել։

-Արարատի մարզի ավտոճանապարհային ցանցի  բարելավման, համայնքների միջև ավտոտրանսպորտային կապի ընդլայնման, ավտոտրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայման, գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի իջեցման և անվտանգ, անխափան երթևեկության ապահովման նպատակով  2018թ․ ճանապարհաշինության  ոլորտում կիրականացվեն Հովտաշեն, Արևշատ-Աբովյան, Դիտակ-Ջրաշեն ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքներ։ Մարզի ավտոճանապարհների անվտանգ և անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով ևս 2018թ․ ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է կատարել 471․3 մլն դրամի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման աշխատանքներ։

 Ճանապարհաշինության ոլորտում այս տարի նախատեսվում է տրամադրել նաև  կապիտալ սուբվենցիաներ, իրականացնել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում և այլն։  

-Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված։

-Կրթության որակի բարելավումն ու մատչելիության բարձրացումը համարելով մարզի գերակա խնդիրներից մեկը՝ մենք մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացրել ենք շինվերանորոգման, ինչպես նաև ավելի քան 15 հազար երեխաների սննդի կազմակերպմանն ուղղված շուրջ 1․1 մլրդ դրամի ներդրում։  Նախադպրոցական կրթության որակի և մատչելիության բարձրացման նպատակով կիրականացվի նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանների բարելավում՝ միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև համայնքի բյուջեի մասնակի ներդրման հաշվին։

2018թ․ մարզում, շարունակելով դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման միջոցառումները, ուսուցիչների և դաստիարակների մասնագիտական կարողությունների բարձրացման, դպրոցների՝ որպես ինքնակառավարման մարմինների ուժեղացման, նախադպրոցական և մասնագիտական կրթության զարգացման և  այլ աշխատանքները, նպաստավոր պայմաններ կստեղծենք կրթության մատուցման որակի և մատչելիության բարձրացման համար։

-Անդրադառնանք համայնքների խոշորացմանը։ Արարատի մարզում համայնքների միավորման գործընթացից ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք։

-Արարատի մարզում կա խոշորացված ընդամենը մեկ համայնք՝ Ուրցաձորը, որը խոշորացվել է 2016թ՝ միավորելով Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր բնակավայրերը։

Համայնքների խոշորացման դրական կողմ կարող ենք համարել համայնքի բյուջետային հոսքերի ավելացումը, որն իրենից ենթադրում է  բնակավայրերում տեղակայված կրթական օջախների ու հաստատությունների հաստիքացուցակի ավելացում, բնակավայրերի դպրոցներում  վերանորոգման  և այլ աշխատանքների իրականացում, ճանապարհաշինության, գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի կյանքի կոչում,  կրթամշակութային խոշոր միջոցառումների  անցկացում և այլն։

 

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]