Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը ցույց տվեց, որ ոչ ոքի հետ նախապայմաններով չի խոսում և չի հանդուրժի իր հետ նախապայմաններով խոսելը. Կարեն Բեքարյան

Հայաստանը ցույց տվեց, որ ոչ ոքի հետ նախապայմաններով չի խոսում և չի հանդուրժի 
իր հետ նախապայմաններով խոսելը. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերություններին վերադարձը պետք է լինի նոր կետից` հաշվի առնելով տվյալ պահի իրավիճակը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանն` անդրադառնալով արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու գործընթացին:

«Տարիներ շարունակ Թուրքիան, բոլոր իր լծակներն օգտագործելով, Հայաստանի անկախ դառնալուց հետո աշխարհին մատուցում էր հետևյալ պատկերը. Հայաստանը բարդույթավորված պետություն է, չի ուզում շարժվել առաջ և ամեն ինչ կապում է պատմության հիշողության հետ, դրա համար էլ տարածաշրջանն այսպիսի վիճակում է, կան բաժանարար գծեր և այլն: Այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, որը հետագայում անվանվեց ֆուտբոլային դիվանագիտություն, իր էությամբ աննախադեպ էր: Ազգը, որը վերապրել էր ցեղասպանությունը, հայրենազրկումը, այսօր ուներ անկախ պետություն, և նրա ղեկավարը հանդես եկավ առանց որևէ նախապայմանների հարաբերություններ սկսելու նախաձեռնությամբ: Սա կոտրեց բոլոր կարծրատիպերը, որոնք առկա էին Թուրքիայի կողմից երկար ժամանակ տարած քարոզչության հետևանքով»,-ասաց Կարեն Բեքարյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանն իր նախաձեռնությամբ իրապես ուներ նպատակ և ցանկություն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմաններ բացելու, երկխոսություն սկսելու: Թուրքիան, չունենալով քաղաքական կամք, արձանագրությունների ստորագրումից հետո սկսեց խոսել նախապայմանների լեզվով:

«Թուրքիան այս տարիների ընթացքում այնպես վերափոխվեց, որ  խոսել ժողովրդավարական նորմերի, խոսքի ազատության, մարդու իրավունքների մասին, պարզապես անհեթեթություն է: Այդ աստիճան վերափոխումը վերջին տարիներին այդ երկրին բավական հետ գցեց` գյուլենականության, հեղաշրջման փորձին մասնակցելու անվան տակ: Տեսնում եք ձերբակալվածների թիվը և կազմը` ուսուցիչներից սկսած, վերջացրած ինչով հնարավոր է: Այս ամենը Թուրքիային տանում է հեռու Եվրոպայից, արժեքային համակարգից, մարդու իրավունքներից ժողովրդավարությունից»,-ասաց նա:

Ազգային ժողովի պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանն այս ընթացքում աշխարհին հստակ ներկայացրեց Թուրքիայի կեցվածքը, առկա իրավիճակը և կատարեց իր քայլերը: Անդրադառնալով մյունխենյան համաժողովին ՀՀ Նախագահի ելույթին, Կարեն Բեքարյանը նշեց, որ այն  մի քանի ուղերձ է պարունակում: Նախ այն, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակի, որ Թուրքիան պատանդ պահի արձանագրությունները և դիվիդենտներ քաղի: Մյուս կողմից, եթե առիթ լինի նորից վերադառնալու հայ-թուրքական հարաբերություններին, ապա նոր փաստաթուղթը պետք է ամրագրի այդ պահին առկա իրավիճակը:

«Հայաստանի բարի կամքը և ցանկությունն` ուղղված տարածաշրջանում լարվածությունը թուլացնելուն, հայ-թուրքական հարաբերությունների բավական խնդրահարույց դաշտը նորմալ հուն բերելուն, ամրագրվեց բոլոր միջազգային գործընկերների կողմից: Հայաստանը աշխարհին ցույց տվեց, որ ոչ մեկի հետ նախապայմաններով չի խոսում և չի հանդուրժի, որ իր հետ խոսեն նախապայմաններով»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե ինչ պայմաններում և երբ հնարավոր կլինի կրկին վերադառնալ հայ-թուրքական հարաբերություններին, Կարեն Բեքարյանը դժվարացավ պատասխանել: Նա նկատեց, որ խնդիրը բարդ է և դա չի կարող լինել մոտ ապագայում: Նրա խոսքով՝ եթե Թուրքիան ունենար կամք հարաբերություններ հաստատելու, ապա դա տեղի կունենար: Սպասել, որ ընտրություններից հետո իրավիճակը կփոխվի` քիչ հավանական է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]