Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բարձր է գնահատում Եվրախորհրդարանում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված քննարկումները

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բարձր է գնահատում Եվրախորհրդարանում 
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բարձր է գնահատում Եվրախորհրդարանում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված քննարկումների աշխատանքը: Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը:

«Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ  համաշխարհային հեղինակություն ունեցող հռչակավոր մասնագետներ, գիտնականներ և իրավաբաններ, եվրոպացի լրագրողներ մասնակցեցին Արցախի ժողովրդի իրավունքների մասին քննարկումներին եւ կարծիքներ փոխանակեցին: Պետք է նշել, որ նրանք առիթ ունեցան լսելու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի՝ Արցախի պետության և ժողովրդի անունից փոխանցած խոսքը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հարութ Շիրինյանը:

Նա ընդգծեց, որ այս աշխատանքը համապատասխանում է Եվրոպայի Հայ դատի առաջնահերթություններին,  որն է եվրոպացի քաղաքական գործիչներին առաջին աղբյուրից ներկայացնել տեղեկություններ եւ Արցախի բնակիչների ձայնը հասանելի դարձնել:

«Մենք հուսով ենք, որ այս աշխուժությանը կհաջորդեն գործնական քայլեր, որպեսզի ավելի մեծ թվով պատգամավորներ ներգրավվեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին՝  նպաստելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-հավելեց Հարութ Շիրինյանը:

Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները:

Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվեցին փետրվարի 26-27-ը Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած գիտաժողովի եզրակացությունները, որին մասնակցում էին միջազգային իրավունքի տասնյակ ականավոր մասնագետներ և նախկին դիվանագետներ: Գիտաժողովը կազմակերպվել էր Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից: Գիտաժողովի եզրակացությունները հետևյալն էին` հաստատված միջազգային իրավական նախադեպերի հիման վրա ժողովուրդները՝ այդ թվում արցախցիները, իրավունք ունեն անկախություն հռչակելու, միջազգային իրավունքը արգելում է բռնի ուժով անկախության հռչակմանը պատասխանել, վստահության մթնոլորտի ապահովումն առանցքային գործիք է հիմնախնդրի վերջնական կարգավորման և խաղաղության հասնելու գործում, հայատյացության սրացումը և պատերազմի քաջալերումն անընդունելի են և չպետք է խրախուսվեն. բռնության և ատելության հովանավորչությունն արգելված է միջազգային իրավունքով և այլն:

Կոնֆերանսի մասնակիցները եկան համաձայնության, որ Արցախի ինքնակառավարվելու պահանջատիրությունը հիմնավորված է. միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Արցախում և խաղաղության գործընթացում՝ հակամարտության պատշաճ լուծում գտնելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]