Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով


ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած բանակցությունների ավարտին հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն վարչապետ, բարեկամ և ընկեր, ևս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում և վստահեցնում, որ շատ ուրախ ենք Ձեր այցի կապակցությամբ: Պետք է ֆիքսեմ, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կոնստրուկտիվ մթոնոլորտում: Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային հարցեր: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին. դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին: Խոսել և պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվացնենք: Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականագնման հարցերի վերաբերյալ: Պետք է ֆիքսենք, որ բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից: Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է: Նորից ողջունում եմ և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»:      

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի. «Շնորհակալություն պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար: Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները. սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել, և մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայովԱնցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև: Անցած 2017 թվականին անցկացվել են երկկողմ բազմաթիվ բարձր մակարդակի հանդիպումներ, նախորդ տարվա սկզբին Վրաստան է այցելել Հայաստանի վարչապետը և մենք այսօր պատասխան այցով Հայաստանում ենք: Նաև անցած տարվա վերջին՝ դեկտեմբերին, պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Հայաստանի նախագահը, և ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն իրապես բարձր մակարդակի վրա են գտնվում: Այցի նշանակության և հարցերի բազմազանության մասին են խոսում մեր դիվանագիտական հարաբերությունները, և ուզում եմ նշել, որ մեր պատվիարկության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք  վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առևտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ ևս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարևան պետություն: Մենք քննարկել ենք այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը և, իհարկե, ինչպես նշվեց՝ աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը: Մենք պատրաստ ենք Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջև նոր հարաբերություններին և այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարևոր է նաև նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը, և ուրախ եմ, որ այս շրջանակում կայցելեմ Հայաստանի կրթական զարգացման «Թումո» կենտրոն, հուսով եմ, որ համագործակցությունն այս բնագավառում ավելի կխորանա:

Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն:

Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: Երկուստեք  համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է  բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի:

Արձագանքում եմ այն իշխանական բարեփոխումներին, որ իրականացվում են Հայաստանում, ցանկանում եմ ողջունել հաջող ընտրությունները, Արմեն Սարգսյանին, որը նույնպես Վրաստանի բարեկամն է: Արդեն խորհրդարանում այդ ընտրություններն անցկացվել են և իմ բարեկամ երկրին ցանկանում եմ, որ հաջողությամբ ավարտի այն բարեփոխումը, որն սկսվել է Հայաստանում:

Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այսօրվա բանակցությունների արդյունքներից, մենք այսօր ամբողջ օրվա ընթացքում կշարունակենք բանակցությունները տարբեր ուղղություններով, կանցկացվեն շատ անհրաժեշտ հանդիպումներ: Շնորհակալություն իմ բարեկամին՝ ջերմ ընդունելության համար և հաջողություն եմ ցանկանում մեր բարեկամ, եղբայր պետությանը»:           




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ