Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Կիրո Մանոյանը մեծապես կարևորում է Արցախյան հարցի քննարկումները Բրյուսելում


ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումները Բրյուսելում կարևոր էին, քանի որ այնտեղի հայկական կազմակերպությունների ՝ հատկապես Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքը դարձել է Ադրբեջանի թիրախ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Փետրվարի 26-ին, 27-ին և 28-ին Բրյուսելում տեղի ունեցան մի քանի բաց և դռնփակ քննարկումներ՝ նվիրված Արցախի հարցին, Արցախյան շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյակին: Առաջին դռնփակ քննարկումը կազմակերպել էին «Եվրոպական հետազոտությունների կենտրոնը», «Թուֆենկյան» հիմնադրամը և «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը»: Քննարկմանը մասնակցեցին մոտ 15 մասնագետներ, իրավաբաններ, նախկին դեսպաններ: Սակայն մասնագետների անունները և նրանց տեսակետները հրապարակման ենթակա չեն: Քննարկվել են Արցախի հարցի կարգավորմանը նվիրված մի քանի թեմաներ: Քննարկվող հարց է եղել Արցախի խնդիրը՝ մարդկային իրավունքի տեսանկյունից»,-ասաց Մանոյանը:

Քննարկումից արված եզրակացությունները հրապարակվել են փետրվարի 27-ին Եվրախորհրդարանի շենքում կայացած մեկ այլ միջոցառման ժամանակ: Այն կազմակերպված էր Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի մասնակցությամբ: «Այս հանդիպման մասին ստահոդ լուրեր են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները՝ ասելով, թե ադրբեջանցի մի քանի երիտասարդներ խափանել են միջոցառումը: Նրանք փորձել են Խոջալուի հետ կապված փոքրիկ ցուցանակներ բացել, սակայն դա կանխվել է»,-ասաց Մանոյանը:

Նիստին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության փոխարտգործնախարարը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը: Ելույթներ են ունեցել նաև փորձագետներ՝ ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից:

Փետրվարի 28-ին կայացած միջոցառումը կազմակերպել էին «Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղը» և Բրյուսելում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» հասարակական կազմակերպությունը: Այն նվիրված է եղել շարժման 30-ամյակին և ԵՄ-ի անելիքներին:

Մանոյանի փաստմամբ՝ Ադրբեջանը բավական վատ է ընդունում Բրյուսելում տարվող աշխատանքները:

Եվրախորհրդարանում փետրվարի 28-ին մեկնարկել էր Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» խորագրով միջոցառումը, որի շրջանակում անցկացվեց երկու նիստ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինան (Չեխիա), Էլենի Թեոխարուսը (Կիպրոս), Լարս Ադակտուսոնը (Շվեդիա), Նիդեռլանդների «Քլինգենդաել» միջազգային հարաբերությունների ինստիտուտի ներկայացուցիչ Պաուլ Միրթսը, Քոիմբրայի ինստիտուտի սոցիալական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիցինիա Սիմաոն, լրագրող Ցվետանա Պասկալեւան:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ