Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման հիմնական պատճառը Թուրքիայում է. քաղաքագետ


ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միջազգային հանրությանը հասցրեց այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողման հիմնական պատճառը Թուրքիայում է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման վերաբերյալ որոշման մեջ ոչ մի նոր բան չկա: Պատճառն ակնհայտ է, արձանագրությունների ձևաչափը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կամ ֆուտբոլային դիվանագիտությունը վաղուց գոյություն չունեն:

«Ահա այսօր պաշտոնապես հաստատվեց այն, ինչը նախկինում ակնհայտ էր շատերի համար: Այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում էր, դա իրականացվում էր միջազգային խաղացողների երաշխավորմամբ: Այդ փուլում, այլ կերպ ասած, Հայաստանը Թուրքիայի համար «Արևմուտք» էր: Իհարկե, դա ոչ ուղիղ իմաստով, այլ այն, որ Թուրքիան այդ ժամանակ հետաքրքրված էր Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու հարցում, իսկ դրա համար անհրաժեշտ քայլերից էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Այսինքն` Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնելու համար պետք էր խաղալ Եվրոպայի կանոններով, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար եվրոպական օրակարգի մաս էր: Ներկայում Թուրքիան Եվրոպայի հետ կապված ոչ մի ձգտում չունի, այն որ Թուրքիային եվրոպական ընտանիքում չեն սպասում, դա պարզից էլ պարզ է»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ արձանագրություններով սկսած գործն առաջ տանելու մոտիվացիա Թուրքիան չունի: Դրանից բացի, Թուրքիայում վերջին շրջանում առկա է ավելի վատ իրավիճակ: 2010 թվականի Թուրքիան և ներկայիս Թուրքիան բոլորովին այլ են:

«Բոլորովին տարբեր երկրների մասին է խոսքը: Այնտեղ ներկայում գնում է սուլթանացման, ընդդիմադիր դիսկուրսի վերացման գործընթաց: Իշխանությունների կողմից հասարակության տարբեր շերտերի վրա ճնշում է գնում տարբեր ուղղություններով: Եվ ահա այս ֆոնին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մոտիվացիա չկա: Մոտ ապագայում դա չի էլ սպասվում»,-ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Հայաստանն իր հայտարարություններով նշում է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների, եթե այդ գործընթացը չկապվի Ղարաբաղի և այլ հարցերի հետ:

«Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ունեցավ, դրա պատճառը հիմնականում Թուրքիայում է: Երևանը կարողացավ այս ընթացքում միջազգային հանրությանը հասցնել, որ խնդիրները ոչ թե Հայաստանում են, այլ Թուրքիայում»,-հավելեց քաղաքագետը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման մասին:

2008 թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, ինչի արդյունքում 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ