Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/100. Մարկ Արենի «Վիլ-Էվրար» գիրքը ամենավաճառվածների աղյուսակի առաջին հորիզոնականում է  

Երևանյան բեսթսելեր 4/100. Մարկ Արենի «Վիլ-Էվրար» գիրքը ամենավաճառվածների 
աղյուսակի առաջին հորիզոնականում է

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Վիլ-Էվրար» նոր գիրքը: Ռուս հանճարեղ շախմատիստ Ալյոխինը լքում է Ռուսաստանը, Մյունխենի Կրոնե կրկեսում հավաքվում են տխրահռչակ բազմահազար դահիճները, նորաձևության ապագա թագուհին՝ տիկին Կոկոն, ասպարեզ է հանում Շանել N:5-ը, հոգեբուժության պրոֆեսոր Ֆոսթերը, ով ներշնչել էր Հիտլերին նրա գերմարդ լինելու միտքը և դրանով ոչնչացման դատապարտել իր միլիոնավոր հրեա ազգակիցներին, փրկում է մահապատժից հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին, աշխարհահռչակ Սեն-Սանսը ելույթ է ունենում Փարիզում իր վերջին համերգով: Եվ հենց այդտեղ՝ Փարիզում, Վիլ-Էվրար հոգեբուժարանում, անքուն գիշերներ է լուսացնում նրա վաղեմի ընկեր Կոմիտասը... Ժամանակակից հայ երաժշտության կյանքի ուղու տվյալ հատվածը ծածկված է թանձր մշուշով, ուստի չկա ապացույց, որ այս պատմությունը ճշմարիտ չէ: Գիրքը թարգմանել է Հովհաննես Այվազյանը:

Երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի մեծագույն նովելիստ Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքն է: Մոպասանի ստեղծագործությունների թեմաները` սեր, պատերազմ, բարոյականություն, սոցիալական անարդարություն, կապված են դարաշրջանի և իր անձնական կյանքի հետ: Նրա գրական ժառանգությունը համայն աշխարհի ընթերցասեր հասարակության չթուլացող հետաքրքրության առարկան է: Նովելների թարգմանությունները խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը երրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Չորրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:
Շաբաթներ շարունակ մեր աղյուսակում առաջատարի դիրքերը զբաղեցրած Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» այս անգամ զիջել է իր դիրքերը և հինգերորդն է: Գրքում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:
«Որբանոց», «Կուկու» գրքերի հեղինակ Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը:
Չորս հորիզոնականով իր դիրքերը զիջել և յոթերորդ տեղն է զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափին սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Ութերորդ տեղում հայտնված «Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:
Ամենավաճառվածների ցանկ է վերադարձել և իններորդ տեղը զբաղեցրել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ստեղծագործությունը: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Գիրքը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը: Թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:
Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» ստեղծագործությունը մի քանի հորիզոնականով զիջել է և տասներորդն է: Այն թարգմանել է Աշոտ Ալեքսանյանը: Հեղինակը գրքում առավելապես ի ցույց է դրել իր թերություններն ու դժվարությունները, քան թե հավատը, որը, չնայած թուլություններին, հնարավոր է դարձրել իր կյանքը: «Ես այն զուտ բանաստեղծորեն ձևակերպել փորձեցի «Ուխտագնացություն Արևելք» գրքում»,-նշել է Հեսսեն:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +7 Մարկ Արեն «Վիլ-Էվրար» Բուկինիստ 98
2 * Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ» Բուկինիստ 95
3 -1 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 86
4 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 63
5 -4 Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» Դարակ 30
6 -1 Էդգար Կոստանդյան «Սովորական երկիր» Հեղինակային հրատ. 30
7 -4 Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» Անտարես 27
8 Նոր Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար» Էդիթ Պրինտ 26
9 Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 17
10 -4 Հերման Հեսսե «Ուխտագնացություն արևելք» Անտարես 12


«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]