Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ադրբեջանական ընդդիմության առաջին նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 10-ին


ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու 2018թ. մարտի 10-ին: Հանրահավաքի անցկացման վայր է ընտրվել Բաքվի Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել է «Մուսավաթ» կուսակցության գործադիր իշխանության ղեկավար Գյուլագա Ասլանլին: 

Ասլանլին նշել է, որ հանրահավաքի անցկացման թույլտվություն ստանալու նպատակով Բաքվի քաղաքապետարան դիմում է ուղարկվել: 

«Դիմումը ստորագրվել է Ադրբեջանի «Ազգային խորհրդի», «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների կողմից»,- նշել է նա:

Ասլանլիի խոսքով` հանրահավաքը անց է կացվելու «Ոչ միապետությանը, ազատություն քաղբանտարկյալներին, ոչ կոռուպցիային, բողոքում ենք գնաճի դեմ» կարգախոսների ներքո:

Հանրահավաքին կարող է միանալ նաև «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժումը, սակայն այդ որոշումը կկայացվի միայն այն բանից հետո, երբ այս ամենի վերաբերյալ իր կարծիքը հայտնի շարժման ազատազրկված առաջնորդ Իլգար Մամեդովը: 

«Մամեդովի և նրա փաստաբանի հանդիպումը տեղի է ունենալու ուրբաթ օրը` մարտի 2-ին»,-նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: 

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը»  ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին  և համազգային հանրահավաքներ կազմակերպել: «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին նախաձեռնությանը միանալու կոչով մարտի 1-ին դիմել էր մյուս ընդդիմադիր ուժերին:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ