Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը նախագահական ընտրություններին ընդառաջ պատրաստվում են համազգային հանրահավաքներ կազմակերպել


ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը»  ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին  և համազգային հանրահավաքներ կազմակերպել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ընդդիմադիր ուժերից կազմված Ազգային խորհուրդը դիմել է «Մուսավաթ» կուսակցությանը և  ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանքային շարժմանը» (REAL)  և կոչ արել միանալ նախաձեռնությանը:

«Գիտեք, որ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից կազմված «Ազգային խորհուրդը» բոյկոտել է արտահերթ նախագահական ընտրությունները: Բոյկոտի պատճառը եղել է երկրում ընտրական միջավայրի բացակայությունը, մամուլի ազատության սահմանափակումները, քաղաքական ճնշումների և մոտ 160 քաղբանտարկյալների առկայությունը: Իլհամ Ալիևի կողմից առանց հիմնավոր պատճառների արտահերթ ընտրությունների հայտարարումն ու նախընտրական շրջանում անհրաժեշտ 6 ամիսների բացակայությունը նույնպես ազդել է որոշման վրա:  «Ազգային խորհուրդը» հրաժարվել է մասնակցել այս ընտրական խաղին և հայտարարել, որ չի ճանաչելու կեղծ և անօրինական ընտրությունների արդյունքները: Մենք երկրի սահմանադրությանը համապատասխան ամեն քայլ ձեռնարկելու ենք պայքարելու ընտրախախտումների և խարդախությունների դեմ»,- իր ֆեյսբուքյան  էջում գրառում է կատարել «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:

Ջամիլ Հասանլին ընդգծել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ նման մոտեցում ունեն նաև երկրի ընդդիմադիր ճամբարում առանցքային դեր ունեցող «Մուսավաթ» կուսակցությունն ու «Հանրապետական այլընտրանքային շարժումը» (REAL)  ընդդիմադիր շարժումը:

«Հատկանշական է, որ «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումն ու որոշ հասարակական-քաղաքական կազմակերպություններ ևս որոշ ժամանակ անց որոշել են բոյկոտել ընտրությունները և չճանաչել դրանց արդյունքները: «Ազգային խորհուրդը» բարձր է գնահատում ընդդիմության ճամբարում այս կարևոր քաղաքական հարցի շուրջ ձևավորված նման մոտեցումը»,- հավելել է Ջամիլ հասանլին:

Ջամիլ Հասանլին նշել է, որ «Ազգային խորհուրդի» համակարգող կենտրոնը որոշել է մարտ ամսից սկսած ընտրախախտումների  և անօրինական ընտրությունների դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել և «Մուսավաթ» կուսակցությանն ու «Հանրապետական այլընտրանքային շարժմանը» (REAL) կոչ է անում միանալ այդ գործընթացներին:

2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ