Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեդեա Աբրահամյանը փայլուն թավջութակահարուհի է. հանդիսավորությամբ նշվեց նշանավոր երաժիշտի հոբելյանը

Մեդեա Աբրահամյանը փայլուն թավջութակահարուհի է. հանդիսավորությամբ նշվեց 
նշանավոր երաժիշտի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը հրաշալի անձնավորություն է, որը դեռ դպրոցական տարիներից աչքի էր ընկնում իր փայլուն կատարողական արվեստով, և հայ կոմպոզիտորները երազում էին, որ հենց նա կատարի իրենց ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին թավջութակահարուհու հոբելյանական միջոցառմանն ասաց երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:

Նշանավոր երաժշտի հոբելյանին նվիրված հանդիսությունը տեղի ունեցավ մարտի 1-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

«Ես միակ կոմպոզիտորն եմ, որը դեռ նրա համար գործ չի գրել: Իմանալով Մեդեայի պահանջկոտությունը` վախենում էի, որ գուցե ստեղծածս արժանի չլինի նրա աղեղին: Հիմա հասունացել է պահը. գրում եմ մի ստեղծագործություն, որն ավարտելուն պես կնվիրեմ Մեդեա Աբրահամյանին»,-ասաց Վարդազարյանը` սրտանց շնորհավորելով թավջութակահարուհուն:

Ցերեկույթին ներկայացվեց նաև Սերգեյ Մանվելյանի «Մեդեա Աբրահամյան» աշխատությունը, որում ամփոփված են Աբրահամյանի կյանքի և բեմական գործունեության վերաբերյալ արժեքավոր նյութեր:

«Գիրքը շատ բազմաբովանդակ է. ներառում է թավջութակահարուհու հուշերը, որոնք քաղել եմ տարբեր տարիներին գրված հուշագրություններից, լուսանկարներ, պաստառներ, նամակներ և այլ բնույթի վավերագրեր, որոնց գերակշիռ մասը հրապարակվում է առաջին անգամ»,-ներկայացրեց երաժիշտի կենսագիրը:

Միջոցառմանը ելույթներ ունեցան Մեդեա Աբրահամյանի գործընկերները, ընկերները, նրա արվեստի երկրպագուները՝ ամենաջերմ բարեմաղթանքներն ուղղելով մեծ թավջութակահարուհուն: Հնչեցին Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Վաստակաշատ երաժիշտը պարգևատրվեց Հայաստանի երաժշտական ընկերության ոսկե հուշամեդալով:

«Հուզվում եմ և չեմ կարող ոգևորությունս շատ բառերով արտահայտել: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հիշում են ինձ: Այստեղ են իմ կոմպոզիտորները, իմ դաշնակահարները, իմ ընկերները և անգամ ուսուցիչները: Երջանիկ եմ և տխուր…»,-խոստովանեց հոբելյարը և շեշտեց, որ Հայաստանում շատ են տաղանդավոր ստեղծագործողները, ովքեր կարող են բարձունքներ նվաճել, միայն թե նրանք պետք է մնան երկրում ու չարտագաղթեն:

Միջոցառումն իրականացվեց «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանի նախաձեռնությամբ:

Մեդեա Աբրահամյանը  առաջին հայ  թավջութակահարն է, ով պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր: Նրան ծափահարել են բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Բուլղարիայում, Բելգիայում և այլն: Ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Théâtre des Champs Elysées», «Salle Pleyel», Բուենոս Այրեսի «Teatro Colón», Լյուքսեմբուրգի «Grand Théâtre», Մոսկվայի «Bolshoi Théâtre»: Որպես երաժշտական փառատոնների ժյուրիի անդամ և նախագահ հանդես է եկել տարբեր երկրներում, վարել վարպետության դասեր:

Դասավանդել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական 10-ամյա դպրոցում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նա հայկական թավջութակային գրականության բազում ստեղծագործությունների առաջին կատարողն է:

Մեդեա Աբրահամյանին նվիրված ստեղծագործություններ են հորինել հայ և օտարազգի մի քանի տասնյակ կոմպոզիտորներ՝ Էդուարդ Միրզոյանը, Ավետ Տերտերյանը, Արտեմի Այվազյանը, Ղազարոս Սարյանը, Վարդան Աճեմյանը և այլք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]