Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով մարտի 2-ին Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարությունում կկայանա Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով: Բանակցությունների ավարտին երկու երկրների վարչապետները հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գիորգի Կվիրիկաշվիլին կհյուրընկալվի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում