Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Արցախի ԱԺ-ում մեկնարկել է 7-րդ նստաշրջանը. Կարեն Ղարայանը նշանակվել է ԱՀ Գերագույն դատարանի դատավոր


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ին գումարել է 7-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստի սկզբին խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփ անդրադարձել է հունվար-փետրվարին հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կյանքում խորհրդարանի ունեցած մասնակցությանը՝ առանձնացնելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կազմակերպումն ու անցկացումը, օտարերկրյա պատվիրակությունների և  անհատ հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների աշխատանքային այցերն Արցախ:

Անցնելով օրակարգային  հարցերին՝ խորհրդարանականները քննարկել են Գերագույն դատարանի դատավոր նշանակելու հարցը: Առաջնորդվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 145-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Վերաքննիչ դատարանի նախագահ Կարեն Ղարայանի թեկնածությունը: Թեկնածուն պատգամավորներին է ներկայացրել իր կենսագրական տվյալները, որից հետո խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշել է, որ թեկնածուին կողմ են քվեարկել նիստին ներկա բոլոր 28 պատգամավորները: Անվավեր քվեաթերթիկ չի եղել: Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովն ընդունել է որոշում՝ Կարեն Ղարայանին ԱՀ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին:

Այնուհետև խորհրդարանի ղեկավարն, Կանոնակարգ օրենքի 90-րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն, ներկայացրել է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը, որը պատգամավորները քննարկել և ընդունել են միաձայն:

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2017թ-ի գործունեության մասին տեղեկություններ է հաղորդել ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

Խորհրդարանը ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանի ներկայացմամբ լսել է նաև դատախազության 2017թ-ի գործունեության մասին հաղորդումը:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և կառավարության անդամների մասնակցությամբ:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին: Հնչել են կրթության ոլորտում իրականացվող և մշակվող ծրագրերին, դպրոցական դասագրքերի ընտրությանը, ավագ դպրոցի խնդիրներին, Ստեփանակերտի ճանապարհների ծանրաբեռնվածությանը, ուսուցիչների կենսաթոշակների հաշվարկմանը, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինությանը, անտառային ֆոնդի պահպանմանը, ուսուցիչների համար սոցիալական փաթեթներին, փախստականների բնակարանային վիճակին, նորակառույց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին հանրային սպասարկման կետերի կառուցմանը, երիտասարդ ընտանիքներին հիպոթեքային վարկի տրամադրմանը, ճանապարհային երթևեկության կանոններին և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ