Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենին


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին: 

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց Միավորված ազգերի կազմակերպության և նրա կառույցների աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվաածության կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է եկել գործողությունների հստակ առաջարկություններ պարունակող և կանխարգելման ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեության վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի նոր բանաձև ընդունելու նախաձեռնությամբ։ Նախարար Նալբանդյանը զրուցակցին տեղեկացրեց նաև, որ Հայաստանը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը:

Զրուցակիցներն անդրադարձան «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին, կարևորեցին դրանց արդյունավետ իրականացումն ու այդ ուղղությամբ ՄԱԿ-ի անդամ երկրների համագործակցությունը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց «Կայուն զարգացման նպատակների» իրագործման շրջանակներում Հայաստանի ներգրավվածությունը և իրականացրած աշխատանքները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Էդվարդ Նալբանդյանը Մայքլ Մյոլլերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ