Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Brussels Airlines-ը քննարկում է Բրյուսել-Երևան-Բրյուսել չվերթների վերականգնման հարցը


ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines բելգիական ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը:

Պարոն Կարպենտյերը տեղեկացրել է, որ ավիաընկերությունը լրջորեն քննարկում է երթուղու շահագործման հնարավորությունը, հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՀՀ ավիաշուկայում տեղի ունեցող դրական զարգացումները և ուղևորահոսքի աճի տեմպը կարող են դրական ազդել ավիաընկերության կողմից ՀՀ-ից կենտրոնական Եվրոպա կապող երթուղու շահավետության ապահովման վրա:

Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել ավիաընկերությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն չվերթների կազմակերպման հարցում՝ նշելով, որ ավիացիայի ոլորտում Հայաստանի և Բելգիայի միջև ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտ չվերթների բնականոն շահագործման համար, ինչպես նաև վերջերս նախաստորագրված ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման դեպքում ավիաընկերության համար կստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ երթուղիների ցանցի ընլայնման համար:

Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ միջազգային օդանավակայանների մենեջեր Մարսելո Վոնդեն, ով ևս իր աջակցությունն է առաջարկել ավիաընկերությանը չվերթների կազմակերպման հարցում:

Գլխավոր վարչությունը կազմակերպել է նաև ավիաընկերության պատվիրակության հանդիպումները բոլոր շահագրգիռ կողմերի և ծառայությունների հետ՝ տեխնիկական հարցերի քննարկման նպատակով: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ