Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մամուլը պետք է Սփյուռքին. «Զարթոնք»-ը կշարունակի տպվել, եթե անգամ ունենա մեկ ընթերցող  

 Մամուլը պետք է Սփյուռքին. «Զարթոնք»-ը կշարունակի տպվել, եթե անգամ ունենա մեկ 
ընթերցող  

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հայ համայնքի  հեղինակավոր ու սիրված «Զարթոնք» ազգային-քաղաքական, հասարակական և գրական օրաթերթը ութսուն տարի շարունակ լուսաբանել է համայնքում, Հայաստանում և աշխարհում կատարվող կարևորագույն և հրատապ իրադարձությունները: Այն օժանդակել է Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը, էջեր տրամադրել գիտության, մշակույթի և այլ բնագավառներում հայրենիքի բարգավաճումը պատկերող նյութերին, տպագրել հայ և սովետական հեղինակների ստեղծագործություններն ու հոդվածները։ «Զարթոնք»-ն ուշադրության կենտրոնում է պահել միջազգային, քաղաքացիական և սփյուռքահայության ազգային կյանքը։ Թերթի ձեռքբերումների, ծրագրերի և հեռանկարների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ:

-Իհարկե որոշ ընդհատումներով 80 տարի «Զարթոնք»-ը լույս է տեսնում` իր կողքին պահելով բազմաթիվ ընթերցողների: Այս տարիների մեծագույն ձեռքբերումը, ո՞րն եք համարում:

-Սփյուռքում հայ մամուլի ութսուն տարի անխափան լինելն արդեն իսկ հաղթանակ է: Այն կարողանում է առանց որևէ պետական աջակցության, նյութական կամ այլ օգնության հրատարակվել: Թերթը հիմնադրվել է 1937 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին: Այն ապրել է այդ պատերազմը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը և հասել մինչև մեր օրերը:

-Կխնդրեի մատնանշել այն հիմնական սկզբունքները, որոնց տարիներ շարունակ հետևել է «Զարթոնք»-ը:

-Մեր առաքելությունը լավ հոդվածներ  հրապարակելն է: Մամուլը մեզ համար բիզնես չէ:  Թերթի կողքին կան մի շարք նվիրյալներ, որոնք ծառայել են դրան: Կան աշխատակիցներ, որոնք սիրահոժար նպաստում են թերթի զարգացմանը, անում ամենը, որ այն լույս տեսնի: Կան ազգային, անգամ առևտրային հաստատություններ, որոնք, ոչ այնքան հավատալով իրենց գովազդային ուժին, պարզապես թերթին օգտակար լինելու համար ֆինանսավորում են մեզ, ցանկանում, որ թերթը հրատարակվի և շարունակի իր ներդրումն ունենալ հայոց լեզվի պահպանության գործում:

Այն մեծ դեր ունի սփյուռքահայերի կյանքում: Երբ հայերը հասել են այս երկրներ, գրեթե բոլորը թուրքախոս են եղել: Հետագայում առաջ է եկել մի սերունդ, որը հայերեն էր խոսում, և դա պատահական չէր: Հայկական դպրոցն ու թերթն իրենց ներդրումն ունեին այդ հարցում:

-Գաղտնիք չէ, որ այսօր էլեկտրոնային մամուլը շատ ավելի արդիական է, քան տպագիրը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ձեր ընթերցողներին չկորցնելու համար:

-Տպագիր մամուլը նահանջում է՝ պայմանավորված թե՛ ընթերցողի պակասով, թե՛ ժամանակի պահանջով: Եթե նույնիսկ մեկ ընթերցող ունենանք, պետք է հրատարակենք թերթը:  Տպագիր մամուլին զուգահեռ լուրեր ենք հաղորդում նաև էլեկտրոնային տարբերակով:

Տարածաշրջանն ամբողջությամբ վտանգված է. վտանգված է նաև Լիբանանը, և մենք մտածում ենք, որ անհրաժեշտ է փրկել «Զարթոնք»-ի պատմությունը: Ունենք ութսուն տարվա ընթացքում հավաքված թերթի համարներ: Յուրաքանչյուր տարվա համարներն ամփոփված են մեկ գրքում: Դրանք այդ վիճակում այլևս հնարավոր չէ պահել, ուստի թվայնացնում ենք այդ համարները՝ համագործակցելով Ազգային գրադարանի հետ:

-«Զարթոնք»-ն անդրադառնում է հասարակական, քաղաքական և այլ ոլորտների: 21-րդ դարում հիմնականում ո՞ր հոդվածներն են հետաքրքրում ընթերցողներին:

-Մենք տպագրում ենք ազգային, կուսակցական, գրական և այլ հոդվածներ, ներկայացնում ենք գրախոսականներ: Շրջաններ են եղել, որ հատուկ հավելված ենք ունեցել՝ նվիրված արվեստին և գրականությանը: Հիմնականում արծարծում ենք ազգային խնդիրներ: Մեր ընթերցողների հարյուր տոկոսը լիբանանահայեր են և անդրադառնում ենք նրանց հուզող, հետաքրքրող հարցերի: Տեխնոլոգիաներն օգնեցին մեզ արագ լուրերը տարածել աշխարհով մեկ. դա եկավ հավասարակշռելու տպագիր մամուլի նահանջը: Ընթերցողները չպակասեցին, այսուհետ չենք կարող ասել, որ «Ազդակ»-ը, «Զարթոնք»-ը կամ «Արարատ»-ը միմիայն լիբանանյան թերթեր են: Նշեմ, որ դեռ 1967 թվականներից համագործակցում ենք «Արմենպրես»-ի հետ: Որոշելով ընդլայնել համագործակցությունը՝ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ համաձայնագիր կնքեցինք:

-Ինչպե՞ս եք տեսնում Սփյուռքում հայ մամուլի ապագան:

-Տպագիր մամուլի ընթերցողների միջին տարիքը բարձր է, պետք է այն իջեցնել: Էլեկտրոնային մամուլը բավականին նպաստել է այդ գործին, և դա քաջալերում է մեզ, խթանում մեր աշխատանքը: Նշանակում է, որ մամուլը պետք է Սփյուռքին, և հուսամ՝ դեռ շատ 80-ամյակներ կտոնենք:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]