Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աստանայում, Բաթումում և Սանկտ Պետերբուրգում կայացել են Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցի միջոցառումներ

Աստանայում, Բաթումում և Սանկտ Պետերբուրգում կայացել են Սումգայիթյան ջարդերի 
30-ամյա տարելիցի միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում փետրվարի 24-ին Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում մի քանի տասնյակ հայեր և դեսպանության ղազախստանցի բարեկամներ ծաղիկներ են խոնարհեցին Աստանայի մերձակայքում գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարի գերեզմանատանը տեղադրված Խաչքարի մոտ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր ելույթում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հիշեցրեց, որ «Սումգայիթը» կազմակերպել էին ադրբեջանական իշխանությունները՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու՝ արցախահայության սահմանադրական և խաղաղ նախաձեռնության: Դեսպանը նաև հավելեց, որ այսօր հայկական ջարդերի կազմակերպիչների հետնորդները նույն անմարդկային ցինիզմով փորձում են խուսափել քաղաքական ու բարոյական պատասխանատվությունից՝ կեղծելով պատմությունը և գլխիվայր շրջելով փաստերը:

Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը, որը 1988թ. փետրվարին որպես կուրսանտ ծառայության էր կոչված Սումգայիթում, պատմեց, թե ինչ զարհուրելի իրավիճակ էր ստեղծված հայության համար Ադրբեջանում։

Խաչքարի մոտ տեղի ունեցավ մոմավառություն, որից հետո Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակիցներն այցելեցին Հայաստանի դեսպանատուն, որտեղ ցուցադրվեցին այդ իրադարձությունների մասին պատմող վավերագրական տեսանյութեր և լուսանկարներ։

Փետրվարի 25-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքային կառույցների մասնակցությամբ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ կայացան միջոցառումներ: ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված:

Անմեղ զոհերի հիշատակին և ոճրագործությունները դատապարտող խոսքերով ներկաների առջև ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, համայնքի այլ ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած եղեռնագործությունները, միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի չարժանանալով, հանգեցրին Կիրովաբադում (նոյեմբեր 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.) և այլ վայրերում հայերի կոտորածներին: Նա խոսեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ՀՀ հետևողական դիրքորոշման մասին:

Արարողությունների ավարտին, մասնակիցները տեղափոխվեցին Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվեց փաստագրական ֆիլմ սումգայիթյան եղեռնագործության մասին:

Փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, որի ընթացքում Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ավարտից հետո ծաղիկներ դրվեցին եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշարձանին:

Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ և կուրսանտներ, Սանկտ Պետերբուրգի հայտնի գիտական և մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այնուհետև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգաիթի զոհերի հիշատակին նվիրված երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին, դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը, որը շարունակվում է մինչ այսօր, և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]