1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սումգայիթի հանցագործության կազմակերպիչներն արժանի պատիժ չկրեցին. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում

Սումգայիթի հանցագործության կազմակերպիչներն արժանի պատիժ չկրեցին. ՀՀ ԱԳ 
նախարարի ելույթը ՄԱԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշել է. «Շնորհավորում եմ դեսպան Վոյիսլավ Շուցին Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթում իր առաքելության մեջ:

Այս տարի մենք նշում ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու կարևորագույն փաստաթղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը:

Համընդհանուր հռչակագիրը մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար փաստաթղթերից մեկն է: Այնուամենայնիվ, աշխարհի շատ մասերում դրա դրույթները ոչ միայն շարունակաբար անտեսվել են, այլ նաև կոպտագույն ձևով խախտվել:

Երեսուն տարի առաջ՝ 1988 թ. փետրվար ամսվա այս նույն օրերին, հայկական ջարդեր տեղի ունեցան Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, որի արդյունքում բազմաթիվ հայեր սպանվեցին, վիրավորվեցին և արտաքսվեցին։ Բռնություններն իրագործվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման խաղաղ ձգտումների համար հայերին պատժելու նպատակով: Այդ վայրագությունների պատճառով էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը գրեց` «Եթե մինչև Սումգայիթը որևէ մեկի մոտ դեռ կասկած կարող էր լինել, ապա այդ ողբերգությունից հետո ոչ մեկի մոտ բարոյական հնարավորություն չմնաց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքային միավորման վրա պնդելու համար»:

Սումգայիթյան կոտորածը լայնորեն դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում, Եվրախորհրդարանի կողմից՝ համապատասխան բանաձևի ընդունմամբ: Ցավոք, այս հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին: Ինչպես բազմիցս է տեղի ունեցել մարդկության պատմության ընթացքում, անպատժելիությունը բերում է նոր ոճրագործությունների, ինչպիսիք էին հայկական կոտորածները և էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում (Գանձակում), Մարաղայում և շատ այլ վայրերում։

Ադրբեջանը դիմում է ամեն միջոցի ձգտելով կոծկել այս ոճրագործությունները, խուսափել պատասխանատվությունից և շեղել ուշադրությունը դրանցից` շինծու մեղադրանքներով, ներառյալ այսպես կոչված Խոջալուի քարոզչական արշավով, փորձելով իրեն ներկայացնել որպես զոհ, իսկ հայերին վարկաբեկել նրանց պիտակավորելով իբր բռնություններ իրականացրած կողմ։

Սա Ադրբեջանի հակահայկական այլատյաց քաղաքականության մասն է կազմում։ Մինչ օրս Ադրբեջանը չի դադարեցրել հայերի նկատմամբ այլատյացության քաղաքականությունը: ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը և շատ այլ մարդու իրավունքներով զբաղվող կառույցներ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից հայերի նկատմամբ մշտապես կիրառվող ատելության քարոզի առնչությամբ և որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը։ Նմանօրինակ հակահայկական քարոզչությունն է, որ հրահրել է հայերի նկատմամբ շարունակական վայրագություններ, ներառյալ 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները` երեխաների, կանանց, ծերերի սպանությունները, դիակապտությունները, գերեվարված զինվորների` տխրահռչակ ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ ոճով գլխատումները:

Տիկնայք և պարոնայք,

Երբ առկա է կյանքի անմիջական սպառնալիք, առաջնային նշանակություն է ձեռք բերում հակամարտության գոտում բնակվող անձանց համար ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների և հատուկ ընթացակարգերի հասանելիության ապահովումը, մարդասիրական օգնության տրամադրումը:

Զավեշտալի է, երբ զանգվածային հանցագործություններ իրականացնողների հետ խորհրդակցում են միջազգային կազմակերպությունների ներգրավման և մարդասիրական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ նրանց թույլտվությունը ստանալու շուրջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է զրկվի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցելուց Ադրբեջանի առարկության պատճառով, մի երկրի, որը տխրահռչակ է հենց մարդու իրավունքների ոտնահարմամբ։

Համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու անհատական և հավաքական իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացումը չպետք է պայմանավորված լինի տարածքի կարգավիճակով, ուր բնակվում է ժողովուրդը: Սա պետք է լինի առաջնորդող սկզբունք բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են Հռչակագրի համընդհանուր կիրառմանը՝ առանց որևէ «գորշ գոտիներ» թողնելու այնտեղ, որտեղ մարդիկ զրկված են իրենց իրավունքների իրականացման համար միջազգային աջակցությունից: Ուշացած արձագանքը, իրավիճակի հետաձգված դիտարկումը, կանխարգելիչ միջոցառումների բացակայությունը հռչակված հանձնառությունների և տեղում դրանց իրականացման միջև առկա բացթողումներն են: Հիրավի, «իրավունքի կիրառման հետաձգումը իրավունքի մերժումն է»:

Ցանկանում եմ մեջբերել Համընդհանուր հռչակագրի հեղինակներից մեկի` Էլեոնոր Ռուզվելտի խոսքերը. «մենք չենք կարող ունենալ խաղաղություն կամ խաղաղությանը նպաստող միջավայր, քանի դեռ չենք ճանաչում անհատների իրավունքները»:

Պարոն նախագահ,

2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձև: Որպես դրա շարունակություն` կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր: Ինչպես վերջերս նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Մյոլլերը. «Հայաստանն առաջատար դեր է ստանձնել 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի կիրառման պաշտպանության գործում»:

Աշխարհի տարբեր մասերում՝ հենց մեր աչքերի առջև, կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները, բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից» և կանխարգելման օրակարգի վերակենդանացմանն ուղղված միջազգային ջանքերի կրկնապատկումը շարունակում է հրամայական մնալ:

Մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանին Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման 70-ամյակը նշվելու է գործողությունների հստակ առաջարկություններով և անդրադարձ է կատարվելու այս ուղղությամբ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների գործունեությանը: Դեկտեմբերի 9-ին մենք Երևանում հյուրընկալելու ենք Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը։ Այն կարևոր հարթակ կհանդիսանա այս զազրելի հանցագործության դեմ մեր միասնական պայքարի վճռականության արտացոլման, դրա շուրջ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման համար։

Պարոն նախագահ,

Հայաստանը շարունակում է իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագիրը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության փաստաթղթի ձևավորումը: Մենք պարտաճանաչ կերպով ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին ենք ներկայացրել Հայաստանի ազգային զեկույցները և դրանց իրականացման հաշվետվությունները: Հայաստանը սատարում է Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացը և պատրաստվում է կամավոր հիմունքներով ներկայացնել Համընդհանուր պարբերական վերանայման երկրորդ միջնաժամկետ զեկույցը:

Մեր երկիրն ավարտին է հասցնում անցումը կառավարման խորհրդարանական համակարգին: Անցումային ողջ գործընթացի ժամանակ` ներառյալ Սահմանադրական հանրաքվեն, Հայաստանի առանցքային օրենքներում համապատասխան փոփոխությունները և խորհրդարանական ընտրությունները իրականացվել են ներառական մթնոլորտում՝ միջազգային մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, և ի ցույց են դրել, որ մեր երկրում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն է և անշրջելի:

Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը Հայաստանում` հենվելով նաև մեր գործընկերների, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության վրա:

Պարոն նախագահ, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի շարունակական հանձնառությունն` առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, որոնք շարունակում են կարևոր տեղ զբաղեցնել մեր առաջնայնություններում:

Շնորհակալություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]