1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցեր

ՀՀ վարչապետն ու Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են տնտեսական 
հարաբերությունների զարգացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ կան բոլոր նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում ամրապնդելու և  զարգացնելու համար: Մասնավորապես տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցում նա կարևորել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին Երևանում:

Ռեզա Արդաքանիանը վարչապետ Կարապետյանին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և համոզմունք հայտնել, որ երևանյան նիստը նոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման համար: Ռեզա Արդաքանիանը վարչապետին է ներկայացրել միջկառավարական  հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկված հարցերն ու անդրադարձել  փոխգործակցության ուղղություններին:   Նախարարը մասնավորապես  տեղեկացրել է, որ վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում համագործակցության խորացմանը միտված փաստաթուղթը և ներկայացվել է ստորագրման: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները ևս հաջողությամբ են ընթանում և ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2019 թվականի վերջին: Ռեզա Արդաքանիանը կարևորել է «Արաս» և Մեղրի ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում: Ըստ Իրանի էներգետիկայի նախարարի՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրականացմանը, ավտոմոբիլային փոխադրումների, բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ էկոտուրիզմի զարգացմանը, բարեկամության այգի ստեղծելուն վերաբերող հարցեր: 

Վարչապետ Կարապետյանը ողջունել է նշված ոլորտներում գործակցության զարգացումը և անհրաժեշտ համարել առևտրաշրջանառության ծավալերի ընդլայնմանն ուղղված ծրագրերի իրականացումը: «Առևտրաշրջանառության ներկայիս ծավալները բավարար չեն: Մենք շահագրգռված ենք խոշոր ծրագրերի կյանքի կոչմամբ և պատրաստ ենք համապատասխան քայլերի իրականացմանը, այդ թվում՝ իրանական բիզնեսի համար կազմակերպելու բաց օր և պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Մեր հարաբերությունների մասշտաբը պետք է փոխենք, մեր թիմը նպատակասլաց աշխատում   է երկու բարեկամ երկների միջև տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու հարցում»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:   

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, կրթության, բնապահպանության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խորացմանն  ու այլ  հարցերի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]