Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Հայկական բնապահպանական ճակատի մտահոգություններն անպատասխան չեն մնացել


ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բնապահպանական ճակատի շրջակա միջավայրի վտանգման վերաբերյալ մտահոգություններին պատասխանել են Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության խոշոր բաժնետեր կազմակերպությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք businesshumanrights.org կայքից:

Վերջերս Հայկական բնապահպանական ճակատը բաց նամակով դիմել էր Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության խոշոր բաժնետեր կազմակերպություններին՝ մեջբերելով անկախ փորձագետների մտահոգությունները Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերաբերյալ: Նրանք պնդում են, որ Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությանը պատկանող հանքավայրի նախագիծը վտանգում է շրջակա միջավայրը, բացասական ազդեցությունների բարձր ռիսկ կա, ինչպես նաև վտանգված են Հայաստանում խմելու ջրի աղբյուրները:

Լոնդոնում տեղակայված Բիզնես և մարդու իրավունքների ռեսուրս կենտրոնը հրապարակել էր մտահոգությունները և հրավիրել էր Լիդիանի բաժնետերերին արձագանքելու խնդրին: Լիդիան Ինթերնեյշնլի խոշոր բաժնետերերն են երկու Ամերիկյան ֆոնդեր, մի քանի եվրոպական ընկերություն, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Այս ընկերություններից մի քանիսը RBC Asset Management-ը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  և Resource Capital Funds-ը արձագանքել են առաջարկին: Խոսքն այս պահին Հայաստանում ամենախոշոր միջազգային ներդրման մասին է, և այս անգամ ներդրողի կողմից երկխոսության բոլորովին նոր որակ է ներկայացվում:

Ծրագիրը ֆինանսավորող ընկերություններից մեկը՝ ՎԶԵԲ-ը, հնչած մեղադրանքներին պատասխանել է. «Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը մշակվում է իր բաժնետերերի քաղաքականության համաձայն, որի միջոցով բաժնետերերը, ներառյալ ՎԶԵԲ-ը, պարտավորվում են բնապահպանական, սոցիալական և կառավարման հարցերը ինտեգրել իրենց բաժնեմասային մասնակցությամբ բոլոր ներդրումային գործընթացներին՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան: Մենք ուշադիր գնահատել ենք այս ծրագրի ցանկացած բնապահպանական և սոցիալական ազդեցություն, ինչպես նաև հանքարդյունաբերության ցանկացած գործողություն, խիստ գնահատելով ակնկալվող օգուտները, պոտենցիալ ռիսկերը` ապահովելով նպատակահարմար մեղմացման միջոցառումները, որոնք պատշաճ մակարդակով կիրառվում են»:  

Ստանդարտների և պահանջների կիրառումը պարբերաբար դիտարկվում է ՎԶԵԲ աշխատակիցների և անկախ մասնագետների կողմից, ովքեր հաստատել են, որ Բնապահպանական և սոցիալական քաղաքականության բոլոր ասպեկտները պահպանվում են Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծում: Կազմվել է անկախ փորձագետների խումբ, որը բաղկացած  է հայաստանյան և միջազգային բարձրակարգ մասնագետներից, որպեսզի ապահովվի ծրագրի վերահսկողությունը՝ ընկերությունից և բաժնետերերից անկախ:

Ինչ վերաբերում է Բրոնոզյանի և նրան առնչվող մասնագետների կողմից հրապարակված թթվային ապարների դրենաժի վերաբերյալ զեկույցներին, ապա Լիդիան Ինթերնեյշնլը կետ առ կետ պատասխանել է այդ զեկույցին՝ հրապարակային տեխնիկական փաստաթղթում: ՎԶԵԲ-ի ներքին մասնագետները վերանայել են պատասխանները և ներկայացրել են դրանք անկախ տեխնիկական և բնապահպանական փորձագետների դատին: Փորձագետները հաստատել են, որ թթվային ապարների դրենաժի խնդրին պատշաճ լուծումներ են տրված, և Լիդիանի պատասխանն ունի տեխնիկական և բնապահպանական ամուր հիմք:
Ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ը վստահ է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի, կառավարման համակարգերի և շահագրգիռ կողմերի ներգրավվածության գործողությունները համապատասխանում են ոլորտի լավագույն փորձին, և Լիդիան Ինթերնեյշնլը հանձնառել է՝ հանքի կառուցումից մինչև շահագործում և փակում, շարունակել համապատասխանել միջազգային ստանդարտներին:

ՎԶԵԲ-ի պատասխանում նաև հիշատակվում է այն հանգամանքը, որ Լիդիան Ինթերնեյշնլը առաջարկել էր մտահոգություն հայտնած փորձագետներին հանդիպել  և քննարկել տեխնիկական և բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքները, ինչը մերժել էին Բրոնոզյանի և նրա հետ աշխատող մասնագետները:

Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը նույնպես պատասխանել է մեղադրանքներին և ասել, որ իրենք ընդունել են Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերը Ամուլսարի ծրագրի քննադատությամբ հանդես եկած զեկույցների հեղինակների հետ հանդիպելու և տեխնիկական քննարկում անցկացնելու վերաբերյալ, սակայն վերջիններս հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:

«Ամուլսարի ծրագիրը ենթարկվում է աննախադեպ քանակի վերահսկողական միջոցառումների, որոնք ուղղված են վերահսկելու, որպեսզի ծրագիրը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին: Միայն 2017 թվականին Ամուլսարում իրականացվել է 5 անկախ միջազգային աուդիտ, որոնք հաստատել են, որ Ամուլսարը համապատասխանում է ստանձնած պարտավորություններին»,-  ասվում է Լիդիան Ինթերնեյշնլի պատասխանում: Լիդիան Ինթերնեյշնլի ամենախոշոր բաժնետերերից մեկի Resource Capital Funds (RCF)-ի պատասխանում նշվում է, որ RCF-ը Միավորված ազգերի կազմակերպության պատասխանատու ներդրումների սկզբունքների մասնակից անդամ է 2013 թվականից, և ընկերությունը հասկանում է հանքարդյունաբերության ոլորտում առկա ռիսկերը:

«Մենք ակտիվ աշխատում ենք այն ընկերությունների հետ, որտեղ ունենք ներդրումներ, որպեսզի վստահ լինենք, որ դրանք կիրառում ենք համապատասխան ռազմավարություններ՝ բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համար: RCF-ը հետևում է Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական միջոցառումներին: RCF-ը կարծում է, որ Ամուլսարի ծրագրի նախագծումը և կառավարման համակարգերը համապատասխանում են միջազգային լավագույն փորձին, և, որ Լիդիանը ձգտում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ապահովել տեղեկատվության բաց փոխանակում»,- պատասխանել են Resource Capital Funds-ից:

Լիդիանի բաժնետեր կազմակերպություններից մի քանիսը չեն պատասխանել նամակին, սակայն այն խոշոր բաժնետերերի պատասխաններից, որոնք արձագանքել են նամակին, ակնհայտ է, որ ուղարկված մտահոգությունները իրենց համար անսպասելի չէին, դրանց բովանդակությանը տեղյակ էին և ունեն պատասխաններ, թե ինչու են ֆինանսավորում Ամուլսարի ծրագիրը, և ինչ հիմքեր ունեն վստահ լինելու, որ այն լինելու է բնապահպանական միջազգային  չափանիշներով իրականացված ծրագիր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ