Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սամվել Բաբայանի և մյուսների գործով անփոփոխ մնաց առաջին ատյանի դատարանի դատավճիռը. «Փաստ Ինֆո»

Սամվել Բաբայանի և մյուսների գործով անփոփոխ մնաց առաջին ատյանի դատարանի 
դատավճիռը. «Փաստ Ինֆո»

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Փաստ Ինֆո»-ն հայտնում է, որ վերաքննիչ դատարանը որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և մերժեց ներկայացված բողոքները:

Սամվել Բաբայանի պաշտպան Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակնակալում էր արդար որոշում, քանի որ, ըստ նրա, բողոքը հիմնավոր էր՝ հիմնված փաստերի վրա:

Պաշտպանը նշեց, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել էր 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը, 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված գործարար Սանասար Գաբրիելյանը և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ ևս պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Իսկ Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը դատապարտվել են 2 տարվա ազատազրկման՝ նրանց նկատմամբ ևս նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Ըստ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]